ՄԱՅԻՍԻ 26, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում ոստիկանները ներխուժել են կրոնական հավաքույթի վայր. դանիացի մի Եհովայի վկա ձերբակալվել և կալանավորվել է
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի՝ 2017թ. ապրիլի 20-ին Եհովայի վկաների դեմ կայացված որոշման հետևանքով Դանիայի մի քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիների հետ ձերբակալվել է, երբ 2017թ. մայիսի 25-ին՝ երեկոյան, ոստիկանությունը ներխուժել է կրոնական հավաքույթի վայր և ընդհատել խաղաղ հանդիպումը։
Առնվազն 15 զինված ոստիկաններ և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներ Օրյոլ քաղաքում (պատկերված է վերևում) ներխուժել են Եհովայի վկաների կրոնական հավաքույթի վայր և ընդհատել են խաղաղ հավաքը։ Ոստիկանությունը վերցրել է բոլոր ներկաների անձը հաստատող փաստաթղթերը և բռնագրավել նրանց էլեկտրոնային սարքերը։ ԱԴԾ-ն նաև կալանավորել է Դենիս Քրիստենսենին, որը Եհովայի վկա է և Դանիայի քաղաքացի։ Դրանից կարճ ժամանակ անց ոստիկանները խուզարկել են նույն քաղաքում գտնվող Եհովայի վկաների 4 տներ։
Այսօր՝ այն բանից հետո, երբ պրն Քրիստենսենը մեկ գիշեր անցկացրեց ԱԴԾ-ում, Օրյոլի սովետական շրջանային դատարանը բավարարեց ԱԴԾ-ի դիմումը և սահմանեց, որ պրն Քրիստենսենը պետք է նախնական կալանքի տակ լինի մինչև ԱԴԾ-ի կողմից արվող հետաքննության ավարտը։ Պրն Քրիստենսենը առաջին օտարերկրացին է, ով Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումից հետո Եհովայի վկաների դեմ ձեռնարկված պաշտոնական գործողությունների զոհ է դառնում։ Պրն Քրիստենսենին դատապարտելու դեպքում նրան սպառնում է երկարաժամկետ ազատազրկում։
Ներխուժման այս դեպքը Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը և այդ երկրում նրանց կողմից օգտագործվող 395 տեղի կրոնական կազմակերպությունները ծայրահեղական պիտակելուց և լուծարելուց հետո իշխանությունների և այլոց կողմից Եհովայի վկաների դեմ հրահրված 40 դեպքերից վերջինն է։
Գերագույն դատարանի կողմից ապրիլի 20-ի որոշման հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց մի խումբ տղամարդիկ Սանկտ Պետերբուրգում վնասել են Ռուսաստանում Վկաների կողմից օգտագործվող ամենամեծ պաշտամունքի վայրը և նույնիսկ սպառնացել են հավատացյալներին։ Վանդալները հարձակում են գործել նաև պաշտամունքի այլ վայրերի, նույնիսկ Վկաների տների վրա Կալինինգրադում, Կրասնոյարսկում, Մոսկվայում, Պենզայում, Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում, Սվերդլովսկում և Վորոնեժում։ 2017թ. մայիսի 24-ին Կոմի Հանրապետության Ժեշարտ քաղաքում նրանք հրկիզել են մի տուն, որտեղ Եհովայի վկաները կրոնական հավաքույթներ էին անում։ Բացի վանդալիզմի և ոստիկանության կողմից ներխուժման դեպքերից՝ հարձակումներ են գործվել նաև անհատ Վկաների վրա, նրանց սպառնացել են դպրոցում և աշխատավայրում, իսկ որոշ Վկաներ էլ կորցրել են իրենց աշխատանքը։
Վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը ասում է. «Ողջ աշխարհում Եհովայի վկաները այժմ ավելի շատ են անհանգստացած Ռուսաստանում իրենց հավատակիցների համար։ Ակնհայտ է, որ այս մտահոգիչ դեպքերը մեր դեմ Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից կայացված որոշման հետևանքներն են։ Մենք այն բողոքարկել ենք 2017թ. մայիսի 19-ին, ինչը ևս մեկ հնարավորություն կտա Ռուսաստանին վերջ դնելու Եհովայի վկաների դեմ ձեռնարկված այս անհիմն և անարդարացի գործողություններին։ Նաև պատրաստվում ենք բողոքարկել մեր հավատակից Դենիս Քրիստենսենին կալանավորելու մասին անարդար որոշումը»։
Մեդիա կոնտակտ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1-845-524-3000