Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 29, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլում Ռուսաստանի իշխանությունները ներխուժել են կրոնական հավաքույթի վայր և ձերբակալել Դանիայի մի քաղաքացու

Օրյոլում Ռուսաստանի իշխանությունները ներխուժել են կրոնական հավաքույթի վայր և ձերբակալել Դանիայի մի քաղաքացու

2017թ. մայիսի 25-ին ոստիկանության և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) զինված աշխատակիցները Ռուսաստանի Օրյոլ քաղաքում ընդհատել են Եհովայի վկաների ամեն շաբաթ անցկացվող խաղաղ կրոնական հավաքույթը։ Իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործեր կհարուցեն Վկաների դեմ ծայրահեղական կազմակերպության գործունեությունը շարունակելու համար։ 2016թ. հունիսի 14-ին կառավարությունը լուծարել էր Օրյոլի տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ) ծայրահեղականության հիմքով։ Բացի այդ, իշխանությունները վերցրել են կրոնական հանդիպման բոլոր ներկաների անձնական տվյալները, առգրավել նրանց էլեկտրոնային սարքերը, իսկ հետո խուզարկել Օրյոլում բնակվող Վկաների տները։

Իշխանությունները Օրյոլի ժողովի տղամարդկանց տարել են ԱԴԾ-ի գրասենյակ, իսկ Դանիայի քաղաքացի Դենիս Քրիստենսենը, որը ժողովում երեց է ծառայում, վերցվել է կալանքի տակ։ Դատախազը անհապաղ դիմել է Օրյոլի սովետական շրջանային դատարան՝ պահանջելով պրն Քրիստենսենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք, որպեսզի ԱԴԾ-ն ժամանակ ունենա գործ հարուցելու նպատակով ապացույցներ հավաքել և վկաներ գտնել։ Դատավոր Սվետլանա Նաումովան բավարարել է միջնորդությունը և սահմանել, որ պրն Քրիստենսենի նկատմամբ պետք է կիրառվի նախնական կալանք երկու ամիս ժամկետով։ Այդ որոշումը կբողոքարկվի այսօր։ Եթե պրն Քրիստենսենին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է վեցից տասը տարվա ազատազրկում՝ համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասի։

Օրյոլում Եհովայի վկաները կրոնական հավաքույթ էին անցկացնում որպես հավատացյալների խումբ, ոչ թե որպես իրավաբանական անձ։ Ռուսաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված այս գործողությունը ցույց է տալիս, որ նրանք նպատակ ունեն վերջ դնելու Վկաների կրոնական գործունեությանը և ոչ թե պարզապես լուծարելու նրանց իրավաբանական անձինք (ՏԿԿ-ներ)։ Սա նման է Տագանրոգ քաղաքում Վկաների հետ տեղի ունեցած դեպքերին, երբ իշխանությունները սկզբում լուծարեցին ՏԿԿ-ն, հետո 16 Վկաների նկատմամբ քրեական գործ հարուցեցին այն պատճառով, որ նրանք շարունակում էին խաղաղ կրոնական հավաքույթներ անցկացնել։ 2015թ. նոյեմբերին բոլոր 16 անձինք մեղավոր ճանաչվեցին, սակայն դատավճռի կատարումը ազատազրկման մասով կասեցվեց և տուգանքների վճարում չպահանջվեց։ Այդ գործը այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։