ՀՈՒՆԻՍԻ 26, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի պաշտոնյաները պատվի են արժանացնում Եհովայի վկաներին, այդ թվում՝ Դանիայի կալանավորված քաղաքացուն հանրօգուտ ծառայություն մատուցելու համար
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. հունիսի 2-ին Ռուսաստանի Օրյոլ քաղաքի պաշտոնյաները հատուկ գնահատանքի արժանացրին Եհովայի վկաների տեղի ժողովի անդամներին՝ երախտագիտություն արտահայտելով այն բանի համար, որ նրանք մասնակցել էին 2017թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած համաքաղաքային ամենամյա շաբաթօրյակին։ 70 Վկաներ կամավոր մասնակցել էին Օրյոլի փողոցներից և քաղաքի միջով ոլորապտույտ հոսող Օրլիկ գետից աղբը հավաքելու գործին։ Արտահայտելով իրենց գնահատանքը՝ քաղաքի պաշտոնյաները Վկաներին փոքր նվեր և մի գրություն տվեցին, որում այսպիսի խոսքեր կային. «Որպես երախտագիտության նշան՝ հօգուտ հանրության և շրջակա միջավայրի ձեր արած բարի գործի համար»։
Սակայն մաքրությունից մեկ ամիս անց և քաղաքի պաշտոնյաների կողմից գնահատանքի արժանանալուց մեկ շաբաթ առաջ Վկա կամավորներից մեկը՝ Դենիս Քրիստենսենը (պատկերված է վերևի նկարում՝ աջ կողմում), ձերբակալվեց այսպես կոչված ծայրահեղական գործունեություն ծավալելու համար, երբ ներկա էր մայիսի 25-ին անցկացված խաղաղ կրոնական հանդիպմանը։ Ռուսաստանի իշխանությունները ծայրահեղական գործունեությունը որպես պատրվակ են օգտագործում ողջ երկրում Եհովայի վկաներին իրենց թիրախը դարձնելու համար։
«Եհովայի վկաներին ճանաչողների համար զարմանալի չէ, որ Դենիսը և այդ ժողովի մյուս Վկաները կամավոր մասնակցել են քաղաքի մաքրությանը։ Նրանք տարիներ շարունակ արել են այդ գործը, նույնիսկ այն բանից հետո, երբ 2016թ.-ին նրանց իրավաբանական անձը լուծարվեց,— ասում է Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը։— Օրյոլում և աշխարհի տարբեր քաղաքներում ապրող Եհովայի վկաները ճանաչված են որպես օրինակելի քաղաքացիներ։ Ուստի զավեշտալի է այն, որ Դենիսին՝ այդ աշխատասեր և օրինապահ քրիստոնյային, սկսեցին վերաբերվել որպես հանցագործի կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նա հօգուտ հանրության բարի գործ արեց, ինչը Օրյոլի պաշտոնյաների կողմից գնահատանքի արժանացավ։ Մենք կարծում ենք, որ Դենիսը պետք է անհապաղ ազատ արձակվի, և նրան պետք է թույլ տրվի շարունակել դավանել իր կրոնը ու կատարել հանրօգուտ ծառայություն իր հավատակիցների հետ»։
Պրն Քրիստենսենը ձերբակալվեց գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ 2016թ. հունիսի 14-ին Օրյոլում Վկաների իրավաբանական անձը լուծարվեց։ Նաև նրա դեմ ներկայացված մեղադրանքները հաջորդեցին 2017թ. ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կայացրած որոշմանը՝ լուծարել Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը։ Օրյոլի իշխանությունները պրն Քրիստենսենին դեռևս պահում են նախնական կալանքի տակ։
Մեդիա կոնտակտներ։
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000