Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գործ Ռոստովի շրջանային դատարանում—Դատարանը կազատազրկի՞, թե՞ կարդարացնի Եհովայի վկաներին

Գործ Ռոստովի շրջանային դատարանում—Դատարանը կազատազրկի՞, թե՞ կարդարացնի Եհովայի վկաներին

2014թ. դեկտեմբերի 11-ին Ռոստովի շրջանային դատարանը կքննի Ռուսաստանի Տագանրոգ քաղաքի 16 Եհովայի վկաների դեմ հարուցված քրեական գործով բողոքը։ Նրանք հետապնդվում են խաղաղ կրոնական հավաքույթներ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։

Վկաների համար դժվարին ժամանակները սկսեցին 2011-ին։ Տեղի իշխանությունները խուզարկում էին նրանց տները և գաղտնի տեսագրում նրանց կրոնական հանդիպումները։ Այս ամենը ի վերջո հանգեցրեց քրեական մեղադրանքներ առաջադրելուն։ 15 ամիս տևած դատաքննությունից հետո Տագանրոգ քաղաքի դատարանը 2014թ. հուլիսի 30-ին դատապարտեց 7 Վկաների։ Դատավորը նրանց բոլորի նկատմամբ սահմանեց խոշոր չափի տուգանք և նրանցից 4-ին դատապարտեց երկարաժամկետ ազատազրկման, սակայն չպահանջեց անմիջապես վճարել տուգանքները և կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ Մնացած 9 Վկաներին դատարանը արդարացրեց որոշ տեխնիկական պատճառներով, սակայն սահմանեց, որ նրանք զբաղվել են ծայրահեղական գործունեությամբ։ Բոլոր 16 Վկաները բողոքարկեցին այդ որոշումները՝ խնդրելով իրենց ամբողջությամբ արդարացնել բոլոր մեղադրանքներից։

Դատախազը նույնպես բողոքարկեց։ Նա պահանջում է, որ Ռոստովի շրջանային դատարանը ազատազրկի 4 Վկաներին, ովքեր կրոնական ծառայողներ են, և դատաքննության ավարտից հետո ձերբակալի նրանց։ Պահանջում է նաև, որ դատարանը բեկանի 9 Վկաներին արդարացնելու մասին վճիռը և նրանց մեղավոր ճանաչի «ծայրահեղական» գործունեություն ծավալելու համար։

Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կալինը նշում է. «Հուսով եմ, որ Ռոստովի շրջանային դատարանը կարձանագրի կրոնական կեղեքման զոհ դարձած 16 Վկաների նկատմամբ դրսևորված անարդարությունը և նրանց կարդարացնի բոլոր քրեական մեղադրանքներից»։