Անցնել բովանդակությանը

Հրդեհվել է Եհովայի վկաներից մեկի տունը (Լուցինո, Մոսկվայի մարզ)

ՀՈՒՆԻՍԻ 16, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը բացասաբար է անդրադառնում Եհովայի վկաների վրա

Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը բացասաբար է անդրադառնում Եհովայի վկաների վրա

Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ 2017թ. ապրիլի 20-ի որոշումը խիստ բացասական ազդեցություն ունի ողջ երկրում բնակվող Եհովայի վկաների վրա։ Իշխանությունները ոտնահարում են Վկաների հիմնարար ազատությունները և քրեականացնում են նրանց կրոնական գործունեությունը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, որ այդ որոշումն իրենց իրավունք է տալիս խտրական վերաբերմունք դրսևորելու Վկաների հանդեպ և նույնիսկ ատելության հիմքով հանցագործություններ անելու նրանց նկատմամբ։

Ռուսաստանի կառավարությունը չարաշահում և սահմանափակում է մարդու իրավունքները

Դենիս Քրիստենսեն

Եհովայի վկա ծառայողներին ենթարկում են քրեական պատասխանատվության

  • Մայիսի 25-ին ոստիկանները ներխուժեցին Օրյոլ քաղաքում Եհովայի վկաների կրոնական հավաքույթի վայր։ Նրանք ձերբակալեցին Դենիս Քրիստենսենին, որը Դանիայի քաղաքացի է ու Օրյոլի ժողովում երեց է ծառայում։ Պրն Քրիստենսենը գտնվում է նախնական կալանքի տակ մինչև հուլիսի 23-ը, և այդ ընթացքում դատախազը փորձում է նրա դեմ «ծայրահեղական գործունեության» մեղադրանքով գործ հարուցելու համար հիմքեր գտնել։ Եթե պրն Քրիստենսենը մեղավոր ճանաչվի, վեցից տասը տարով կդատապարտվի ազատազրկման։

Տեղի կրոնական կազմակերպություններին պաշտոնական նախազգուշացում է տրվում

  • Մայիսի 4-ին դատախազությունը նախազգուշացման վերաբերյալ գրություն ուղարկեց Կրիմսկի տեղի կրոնական կազմակերպության (ՏԿԿ) նախագահին։ Այդ գրության մեջ նշվում էր, որ նախագահը և ՏԿԿ-ի անդամները կարող են ենթարկվել վարչական և քրեական պատասխանատվության կրոնական արարողություն կատարելու համար։

  • Գերագույն դատարանի որոշումից հետո առնվազն հինգ ուրիշ ՏԿԿ-ներ նման նախազգուշացում են ստացել։

Ոստիկանությունը ներխուժում է կրոնական հավաքույթի վայրեր

  • Ապրիլի 22-ին Ջանկոյում (Ղրիմի Հանրապետություն) ոստիկանությունը մտավ Վկաների պաշտամունքի վայր, երբ կրոնական արարողությունը մոտենում էր ավարտին։ Ոստիկանները պնդեցին, որ Գերագույն դատարանի որոշումից հետո Վկաները իրավունք չունեն միասին հավաքվելու պաշտամունքի համար։ Նրանք խուզարկեցին այդ շինությունը, այնուհետև կնքեցին այն, որպեսզի կանխեն կրոնական հանդիպումների անցկացումը։

  • Գերագույն դատարանի որոշումից ի վեր առնվազն հինգ այլ դեպքեր են գրանցվել, երբ ոստիկանությունը ընդհատել է Վկաների կրոնական արարողությունը, որոնցից մեկը անցկացվում էր տան մեջ։

«Ինձ խորապես մտահոգում է Ռուսաստանում Եհովայի վկաների խաղաղ գործունեության այս ապօրինի քրեականացումը.... Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին հավաստիանալ, որ Եհովայի վկաների կրոնի և համոզմունքի ազատության, կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների և միավորվելու ազատության իրավունքները պաշտպանված են՝ համաձայն պետության կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ ստանձնած պարտավորությունների և ԵԱՀԿ-ի [Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով կազմակերպություն] հանձնարարականների» (Մայքլ Գեորգ Լինք, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ)։

Թիրախը Վկա աշակերտներն են

  • Ապրիլի 24-ին Բեզվոդնոե գյուղում (Կիրովի մարզ) ուսուցչուհիներից մեկը նվաստացրեց երկու աշակերտների, որոնց մայրը Եհովայի վկա է։ Ուսուցչուհին իր արարքը արդարացրեց նրանով, որ Վկաների գործունեությունը արգելված է Ռուսաստանում։

  • Մայիսի 17-ին Մոսկվայի մարզում դպրոցներից մեկի տնօրենը գրավոր նախազգուշացում տվեց մի ութամյա աշակերտի ծնողներին. այդ աշակերտը իր համադասարանցու հետ խոսել էր Աստծու մասին։ Այդ գրությունը հղում էր անում Գերագույն դատարանի որոշմանը և արգելում էր դպրոցի տարածքում «ցանկացած գործողություն, որը չի առնչվում կրթական պրոցեսին»։ Տնօրենը սպառնաց այդ մասին հայտնել ոստիկանությանը և «փոխել երեխայի՝ կրթություն ստանալու եղանակը»։

Վկա տղամարդիկ զրկվում են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու հնարավորությունից

  • Ապրիլի 28-ին Չեբոքսարիի և Մարպոսադսկիի զորակոչային հանձնաժողովը մերժեց այլընտրանքային ծառայություն կատարելու մասին Եհովայի վկաներից մեկի դիմումը։ Հանձնաժողովը նշեց, որ Եհովայի վկաները «ծայրահեղական» են, ուստի այլընտրանքային ծառայություն կատարելու նրանց դիմումը չի կարող բավարարել։

  • Մերժվել են առնվազն երկու Վկա տղամարդկանց նման դիմումներ։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ընդգծում է կառավարության դիրքորոշման հակասական լինելը՝ ասելով. «Մի կողմից՝ կառավարությունը մերժում է Վկա երիտասարդներին տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն, քանի որ նրանց համարում է «ծայրահեղականներ», մյուս կողմից՝ պահանջում է, որ այս «ծայրահեղականները» մեկնեն բանակ։ Տրամաբանակա՞ն է արդյոք, որ կառավարությունը թույլ տա «ծայրահեղականներին» ծառայել բանակում»։

Վատ վերաբերմունքի և խտրականության դրսևորումներ հասարակության կողմից

Բռնարարքներ Վկաների նկատմամբ

  • Ապրիլի 30-ին Լուցինոյում (Մոսկվայի մարզ) Վկա մի ընտանիքի տունը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող նրանց տարեց ծնողների տունը հիմնահատակ հրդեհել են։ Այդ տները հրկիզողը նախ իր ատելությունն է արտահայտել այդ ընտանիքի կրոնի նկատմամբ և հետո այրել դրանք։

  • Մայիսի 24-ին Ժեշարտում (Կոմիի Հանրապետություն) հրկիզողները զգալի վնաս են հասցրել Եհովայի վկաների կողմից կրոնական արարողություններ անցկացնելու համար գործածվող շինությանը։

    Ժեշարտում գտնվող Թագավորության սրահը՝ հրկիզված

  • Գերագույն դատարանի՝ 2017թ. ապրիլի 20-ին կայացրած որոշումից հետո պաշտամունքի առնվազն ինը վայր վանդալիզմի է ենթարկվել։

  • Ապրիլի 26-ին Բելգորոդում, երբ Եհովայի վկաներից մեկը տնից դուրս էր գալիս, մի մարդ հարձակվեց նրա վրա՝ գոռալով. «Դուք արգելված եք»։ Այնուհետև սկսեց ծեծել նրան։

  • Մայիսի 11-ին մի խումբ մարդիկ Տյումենում ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական արարողությունը և անպարկեշտ ու վիրավորական խոսքեր ասելով՝ սպառնացին վնաս հասցնել ներկաներին։

Վկաներին հեռացնում են աշխատանքից

  • Մայիսի 15-ին Դորոգոբուժ քաղաքի (Սմոլենսկի մարզ) քիմիական գործարանի տնօրինությունը հեռացրեց այն բոլոր աշխատողներին, ովքեր Եհովայի վկա են։ Տնօրինությունը բացատրել է, որ ԱԱԾ-ից հրաման է ստացել աշխատանքից հեռացնել բոլոր Վկաներին, քանի որ «ծայրահեղականները» չեն կարող աշխատել գործարանում։

  • Գերագույն դատարանի որոշումից հետո առնվազն երեք այլ դեպքեր են գրանցվել, երբ Վկա աշխատողներին սպառնացել են հեռացնել աշխատանքից, քանի որ վերջիններս հարում են «ծայրահեղական» կրոնի։ Յաշկինո գյուղում (Կեմերովի մարզ) ոստիկանությունը ճնշում է բանեցրել մի Վկայի վրա, բայց վերջինս հրաժարվել է այլ Վկաների մասին տեղեկություններ հայտնելուց։ Ոստիկանները ասել են, որ արգելված կրոնի անդամ լինելը անօրինական է և Եհովայի վկաներին նույնացրել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ։

Ռուսաստանի Եհովայի վկաների բարօրության հարցը մտահոգիչ է

Գերագույն դատարանի որոշմանը նախորդող տասը տարիների ընթացքում Ռուսաստանի Եհովայի վկաների կրոնական ազատությունը բազմիցս սահմանափակվել է կառավարության կողմից, որի պատճառով Վկաները հալածանքի զոհ են դարձել։ Այժմ այդ որոշման հետևանքով նրանց անվտանգությունը շատ ավելի անկայուն է։ Այն արատավորում է Վկաներին ու խրախուսում է որոշ անհատների և իշխանության ներկայացուցիչների ավելի շատ վնասելու նրանց, ինչպես երևում է վերջերս տեղի ունեցած այս դեպքերից։ Ողջ աշխարհում Եհովայի վկաները շատ մտահոգված են այն հարցով, թե ինչ կլինի Ռուսաստանի իրենց հավատակիցների հետ, եթե Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը 2017թ. հուլիսի 17-ի նիստից հետո անփոփոխ թողնի այդ որոշումը։

Պրն Բրամլին ասում է. «Ոչ ոք որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Եհովայի վկաները նույնիսկ անուղղակի կապ ունեն ծայրահեղականության հետ։ Այն ենթադրյալ վտանգը, թե իբր նրանք ներկայացնում են հասարակության համար, որևէ կերպ համատեղելի չէ այն հալածանքների հետ, որոնց նրանք արդեն ենթարկվել են։ Ռուսաստանը պետք է վերանայի Վկաների նկատմամբ ձեռնարկած իր գործողությունները իր իսկ Սահմանադրության և միջազգային համաձայնագրերի լույսի ներքո, որոնք երաշխավորում են կրոնի ազատությունը»։