Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 7, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի իշխանությունները սպառնում են լուծարել այդ երկրում Վկաների վարչական կենտրոնը

Ռուսաստանի իշխանությունները սպառնում են լուծարել այդ երկրում Վկաների վարչական կենտրոնը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ։ Ռուսաստանի իշխանությունները աննախադեպ քայլ արեցին՝ սպառնալով լուծարել այդ երկրում Եհովայի վկաների վարչական կենտրոնը։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը 2016թ. մարտի 2-ով թվագրված գրավոր նախազգուշացում ուղարկեց Եհովայի վկաների վարչական կենտրոն, որում նշվում էր, որ «նրանց կրոնական կազմակերպությունը ենթակա է լուծարման», եթե երկու ամսվա ընթացքում չվերացնեն «թույլ տրված խախտումները», որոնք կառավարությունը ճանաչել է «ծայրահեղական»։ Ռուսաստանում Եհովայի վկաների խոսնակ Յարոսլավ Սիվուլսկին ասում է. «Իրավաբանական անձի լուծարման հետևանքով կազմակերպությանը պատկանող ցանկացած գույք կառգրավվի, և Ռուսաստանի ողջ տարածքում Եհովայի վկաների կրոնական գործունեության վրա արգելք կդրվի»։

Եհովայի վկաների վարչական կենտրոն Ռուսաստանում

Ուշագրավ է այն, որ այս քայլը համընկնում է Ռուսաստանում Եհովայի վկաների պետական գրանցման 25 ամյակին. վարչական կենտրոնը գրանցվել է 1991թ. մարտի 27-ին և վերագրանցվել է 1999թ. ապրիլի 29-ին։ Ռուսաստանի վարչական կենտրոնը (գտնվում է Սոլնեչնոյե գյուղում, Սանկտ Պետերբուրգից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք) լուծարելու սպառնալիքը վերջերս Վկաների դեմ Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած ագրեսիվ քայլերից է։ Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի իշխանությունները արգելել են Վկաների կրոնական գրականության, այդ թվում՝ ռուսերեն Աստվածաշնչերի ներմուծումը, և Ռուսաստանը միակ երկիրն է աշխարհում, որն արգելափակել է Վկաների՝ jw.org պաշտոնական կայքը։ «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքները սխալ են կիրառվում Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեության նկատմամբ,— նշում է պրն Սիվուլսկին։— Եհովայի վկաները վիճարկում են այս որոշումները։ Մենք ցանկանում ենք ազատորեն երկրպագել Աստծուն և անարգել իրականացնել աստվածաշնչյան կրթական գործը, ինչպես որ 125 տարի շարունակ արել ենք Ռուսաստանում»։

Սակայն Ռուսաստանի իշխանությունները Եհովայի վկաների նկատմամբ ավելի թշնամաբար են տրամադրվում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ ունեցած սերտ փոխհարաբերությունների պատճառով։ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ռուս ուղղափառ եկեղեցու և կառավարության այս սերտ համագործակցությունը», ինչպես այն բնութագրում է «Նյու Յորք թայմս» օրաթերթը, նպաստում է այն բանին, որ Ռուսաստանում Վկաների և կրոնական այլ փոքրամասնությունների գործունեությունը ճնշելու նպատակով ագրեսիվ գործողություններ են իրականացվում, և օրենսդրությունը սխալ է կիրառվում։ «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարության կողմից «Ռուսաստանում Վկաների դեմ ձեռնարկված քայլերը մտահոգում են նաև կրոնի ազատության համար պայքարող ակտիվիստներին»։ «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման գործողություններ են ծավալվում «Եհովայի վկաների, ինչպես նաև տասնյակ խմբերի նկատմամբ, որոնց դեմ ավելի ու ավելի շատ քրեական գործեր են հարուցվում՝ ծայրահեղականության դեմ պայքարի մասին Ռուսաստանի օրենքի համաձայն»։ 2015թ. դեկտեմբերին «Ինդիփենդենթ» թերթը հաղորդեց, որ Ռուսաստանի օրենսդրության նպատակն է կանխել «ահաբեկչական հարձակումները և ազգայնամոլության հողի վրա իրականացվող բռնի գործողությունները»։ Սակայն «Հաֆինգթոն փոստը» 2016թ. մարտի 20-ին նշեց, որ այն նաև կիրառվել է «խաղաղ հավատացյալներին հետապնդելու համար», ինչպիսիք են Եհովայի վկաները։ Թեև Վկաները իրավական պաշտպանության համար դիմել են և՛ ազգային դատարաններ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Մոսքոու թայմս» օրաթերթի՝ 2016թ. մարտի 25-ի թողարկումը հայտնում է, որ Ռուսաստանը նոր օրենք է ընդունել, որով «Ռուսաստանի դատարաններին իրավունք է տրվում բեկանելու միջազգային դատական ատյանների որոշումները»։

Այցելուները՝ վարչական կենտրոնի ընդունարանում

Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի նպատակն է կազմակերպել և աջակցել Ռուսաստանի քաղաքացիների համար անվճար իրականացվող աստվածաշնչյան կրթական գործին։ Վարչական կենտրոնի փորձառու ծառայողները նաև աջակցում և կապ են պահում Ռուսաստանի այն Վկա կամավորների հետ, ովքեր օգնում են աղետից տուժածներին։ Ռուսաստանում, որի բնակչության թիվը 146000000-ից ավելի է, ապրում են ավելի քան 175000 Վկաներ։

Եհովայի վկաների գլխավոր վարչության (Նյու Յորք) մամուլի խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Մենք ափսոսում ենք, որ կառավարությունը սպառնում է լուծարել Ռուսաստանում մեր մասնաճյուղը։ Ողջ աշխարհում Եհովայի վկաները և բազում այլ մարդիկ ուշադիր հետևում են, թե այս ամենն ինչ ընթացք կստանա»։

Մեդիա կոնտակտներ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. 1-718-560-5000

Ռուսաստան։ Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7 812 702 2691