Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 31, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տագանրոգի դատարանը դատապարտել է Եհովայի վկաներին իրենց հավատը դավանելու համար

Տագանրոգի դատարանը դատապարտել է Եհովայի վկաներին իրենց հավատը դավանելու համար

2014թ. հուլիսի 30-ին Տագանրոգի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց և 16 Վկաներից 7-ին դատապարտեց Տագանրոգում խաղաղ կրոնական հանդիպումներ կազմակերպելու և հաճախելու հիմքով։ Նրանք հետապնդվում էին իրականացնելու համար այն նույն կրոնական գործունեությունը, որը իրականացնում են Եհովայի վկաները ամբողջ աշխարհում։ Այս վճիռը վտանգավոր նախադեպ է հանդիսանում ամբողջ Ռուսաստանում Եհովայի վկաների կրոնական ազատությունը սահմանափակելու հարցում։

Դատավորը վճռի հրապարակման օր էր նշանակել 2014թ. հուլիսի 28-ը, սակայն մեկ օրով հետաձգեց այն։ Հուլիսի 29-ին դատավորը սկսեց կարդալ 100 էջից բաղկացած որոշումը։ Քանի որ վճռի հրապարակումը չավարտվեց այդ օրը, այն շարունակվեց հուլիսի 30-ի առավոտյան։ Դատավորը ժողովի 4 երեցների դատապարտեց 5-ից 5,5 տարվա ազատազրկման և սահմանեց 100000 ռուբլու (2800 ԱՄՆ դոլար) չափով տուգանք։ 3 այլ Վկաներից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանվեց 50000-ից 60000 ռուբլու տուգանք (1400–1700 ԱՄՆ դոլար)։ Դատավորը չպահանջեց դատարանում տուգանքների վճարում, քանի որ գործի քննության և դատաքննության ժամանակաշրջանը գերազանցում էր օրենքով սահմանված ժամկետը, և կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ Մնացած 9 Վկաների նկատմամբ կայացվեց արդարացման վճիռ։

Որոշումը կայացնելիս դատարանը հիմնվել է Ռոստովի շրջանային դատարանի կողմից 2009թ. սեպտեմբերին կայացված վճռի վրա, որով Տագանրոգում Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը պետք է լուծարվեր։ Չնայած 2009թ. որոշումը վերաբերում էր միայն իրավաբանական անձին, դատավորը սահմանեց, որ Տագանրոգում և շրջակա մարզերում բոլոր Եհովայի վկաների կրոնական գործունեությունը արգելված է։

15 ամիս տևած դատավարության ընթացքում մեղադրյալները ցուցմունք տվեցին, որ նրանք չեն հրաժարվի իրենց հավատից և կշարունակեն իրենց երկրպագությունը որպես Եհովայի վկաներ։ Դատապարտված Վկաները կրոնական գործունեությունը շարունակելու դեպքում կարող են ազատազրկվել որպես կրկնահանցագործներ։

Գործով փաստաբաններից մեկը՝ Վիկտոր Ժենկովը, նշեց. «Ես մտավախություն ունեմ, որ այս վճիռը նախազգուշացում է Ռուսաստանում Եհովայի վկաների համար։ Տագանրոգում և ամբողջ Ռուսաստանում իրավապահ մարմինները կարող են օգտագործել այս վճիռը որպես պրոպագանդայի գործիք, որպեսզի շարունակեն ճնշել և հետապնդել Եհովայի վկաներին իրենց հավատը դավանելու համար ազատազրկելու իրական սպառնալիքով»։

Տագանրոգի Եհովայի վկաները բողոքարկում են այս վճիռը Ռոստովի շրջանային դատարան։