ՀՈՒՆԻՍԻ 2, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Տագանրոգում շարունակում են հետապնդել Եհովայի վկաներին
Տագանրոգ քաղաքի դատարանում 2014-ի մայիսին 16 Եհովայի վկաների քրեական գործով դատավարությունը դեռ ընթացքի մեջ էր։ Ռուսաստանում այն միակ դատավարությունն է, որով Ռուսաստանի քաղաքացիներին ստիպում են հրաժարվել իրենց հավատից՝ սպառնալով քրեական հետապնդում սկսել։ Մեղադրյալներից մեկն ասաց. «Նրանք ցանկանում են, որ ես բոլորի նման լինեմ և չտարբերվեմ ուրիշներից։ Չեն ցանկանում, որ ուրիշների հետ զրուցեմ Աստվածաշնչից։ Չգիտեմ՝ ինչ կլինի հետո»։
2009-ից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունները ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքը սկսել են ավելի ակտիվորեն կիրառել Եհովայի վկաների երկրպագության նկատմամբ, ինչը անօրինական է։ Եհովայի վկաներին պաշտպանող փաստաբան Վիկտոր Ժենկովը նշում է. «Ես վերլուծել եմ Եհովայի վկաների հետապնդման վերաբերյալ վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները և հանգել եմ այն եզրակացության, որ իրավապահ մարմինները նպատակաուղղված պայքարում են Եհովայի վկաների դեմ»։ Տագանրոգի տեղական իշխանությունները ավելի ագրեսիվ դիրք են բռնել և Եհովայի վկաների նկատմամբ ցուցաբերել են այնպիսի վերաբերմունք, կարծես՝ նրանց կրոնական գործունեությունը արգելված է տարածաշրջանում, չնայած որ 1992-ից ի վեր Վկաները գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում։ Տագանրոգի իշխանությունների մտադրությունը հստակ է։ Մեղադրվող մեկ այլ Վկա հետևյալն է հիշում. «Քննիչը իր գրասենյակում պարզ ասաց. «Ստորագրիր, որ հրաժարվում ես Եհովայի վկա լինելուց, և մենք կփակենք քո դեմ հարուցված գործը. ու դու ազատ ես, գնա ուր ուզում ես»»։
Կախված դատարանի որոշումից՝ 16 Վկաներին կարող են տուգանել, կարգադրել կատարելու հարկադիր աշխատանք կամ դատապարտել ազատազրկման։ Եթե նրանց դատապարտեն, ամբողջ Ռուսաստանում վտանգի տակ կլինի կրոնի ազատությունը։ Ռուսաստանում բոլոր Եհովայի վկաները պետք է սպասեն, որ իրենք նույնպես կենթարկվեն քրեական հետապնդման, նույնիսկ եթե խաղաղ կրոնական գործունեությամբ զբաղվեն։ Ալյոնա Բորոդինան՝ մեղադրյալների մեկ այլ պաշտպան, հետևյալ դիտարկումն արեց. «Պետական իշխանությունները մշտապես միջամտում են Վկաների գործունեությանը։ Նրանց գրականությունը ավելացվել է ծայրահեղական նյութերի ցուցակում։ Եթե դատարանները որոշում են որևէ գիրք համարել ծայրահեղական, այն վերացվում է այդ դատական որոշման հիման վրա։ Մի գրող ասել է. «Եթե մի տեղ գրքեր են վառում, ժամանակի ընթացքում այնտեղ մարդկանց էլ կվառեն»։ Սա լուրջ սպառնալիք է կրոնի ազատությանը»։
Դատավորը պետք է վերջնական վճիռը հրապարակի 2014-ի հունիսին։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները և շատ ուրիշներ հետաքրքրված են կրոնի ազատությամբ և մտահոգված են այս գործի ելքով։