Անցնել բովանդակությանը

Ռուսաստանի ոստիկանությունը ներխուժում է Նեզլոբնայայում գտնվող Թագավորության սրահի դարպասներից ներս

ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կրոնական ազատության դեմ Ռուսաստանի՝ տասնամյակ տևող ոտնձգությունը ուժգնանում է

Կրոնական ազատության դեմ Ռուսաստանի՝ տասնամյակ տևող ոտնձգությունը ուժգնանում է

2017թ. հունվարի 16-ին Ռուսաստանի Եհովայի վկաները կրկին փորձելու են վիճարկել տարիներ շարունակ իրենց կրոնական ազատության վրա դրվող սահմանափակումները։ Նրանք դիմելու են Մոսկվայի քաղաքային դատարան, որպեսզի վերջինս իրենց վարչական կենտրոնին ուղղված նախազգուշացումը ապօրինի և անհիմն ճանաչի։ Գլխավոր դատախազի տեղակալ Վ. Յա. Գրինը 2016թ. մարտի 2-ին տրված նախազգուշացմամբ սպառնում է լուծարել Վկաների վարչական կենտրոնը, եթե մեկ տարվա ընթացքում «ծայրահեղական գործունեության» վերաբերյալ նոր ապացույցներ գտնվեն։

«Ծայրահեղական» ճանաչելու համար սկսված արշավ

Ռուսաստանի դատախազները սխալ են կիրառում «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը՝ այն ընդունելով որպես հիմք Եհովայի վկաներին ծայրահեղական գործունեություն ծավալելու մեջ մեղադրելու համար։ Այն բանից հետո, երբ 2006-ին օրենքը փոփոխության ենթարկվեց, «ծայրահեղականության» դրսևորումը չի սահմանափակվում միայն բռնարարքներով։ «Կրոնական պառակտման.... հրահրումն» արդեն իսկ «ծայրահեղականության» դրսևորում է։ Այս ընդլայնված սահմանումը իշխանություններին թույլ է տալիս կրոնական թշնամանքի հրահրում համարել ցանկացած բան, ինչը հակասում է ավանդական կրոնական ուսմունքներին կամ այլ համոզմունքներ է տարածում։ Ռուսաստանում Վկաների կրոնական ազատության պաշտպանության հարցերով զբաղվող փաստաբան Գրեգորի Ալենը նշում է. «Ռուսաստանի իշխանությունները կիրառում են այս բազմիմաստ սահմանումը՝ «ծայրահեղական» պիտակելու համար ցանկացած կրոնական համոզմունք, որը նրանք չեն համարում ուղղափառ ծագում ունեցող»։

Կրոնական որոշ փոքրամասնությունների «ծայրահեղական» ճանաչելու արշավը սկսվել էր դեռ 2007թ. հունվարին, երբ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Յա. Գրինը այդ մասին գրություն էր ուղարկել երկրի բոլոր դատախազություններ։ Այդ գրությունը հանգեցրել էր այն բանին, որ տարին չավարտված՝ ավելի քան 100 խուզարկություն էր արվել Եհովայի վկաների կրոնական կազմակերպություններում։

Ներկայացվում են առաջին «ապացույցները»

Այդ խուզարկություններից մեկը եղավ Ազովի ծովի հյուսիսարևելյան ափին գտնվող Տագանրոգ քաղաքում։ Խուզարկության արդյունքները հիմք հանդիսացան Ռուսաստանում Եհովայի վկաների նկատմամբ առաջադրված ծայրահեղականության վերաբերյալ գրեթե բոլոր մեղադրանքների համար։ 2007թ. հոկտեմբերին Ռոստովի մարզի դատախազությունը ավարտեց իր նախաքննությունը և նախազգուշացում տվեց Տագանրոգում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությանը (ՏԿԿ), նաև հայց ներկայացրեց հաջորդ տարի ՏԿԿ-ն լուծարելու համար։ Սակայն դատախազությունը չուներ իր մեղադրանքն ապացուցող փաստեր և դիմեց Ռոստովի մարզային դատարան, որպեսզի այն նշանակի «փորձաքննություն»՝ ուսումնասիրելու համար Եհովայի վկաների կրոնական գրականությունը։

Դատարանը ոչ միայն նշանակեց «փորձաքննություն»՝ չնայած Վկաների առարկությանը, այլև մերժեց անկախ փորձագետների դիմելու նրանց խնդրանքը։ Դատարանի փորձագետները միաձայն հանգեցին այն եզրակացության, որ Վկաների կրոնական գրականությունը թշնամական գործողություններ չի հրահրում։ Այդուհանդերձ, դատարանը կենտրոնացավ փորձագետների այն կարծիքի վրա, որ Վկաների գրականության մեջ աստվածաբանական թեմաները այլ կրոնների նկատմամբ «հարգանքը քայքայելու հավակնություն ունեն»։

«Ծայրահեղականություն» տերմինի սահմանումը ընդլայնելով՝ 2009թ. սեպտեմբերի 11-ին Ռոստովի մարզային դատարանը Վկաների 34 հրատարակություններ «ծայրահեղական» հայտարարեց, և ի վերջո, դրանք հայտնվեցին ծայրահեղական նյութերի պետական ցուցակում։ Դատարանը նաև Տագանրոգի ՏԿԿ-ն «ծայրահեղական» ճանաչեց և պարտավորեցրեց իշխանություններին այն լուծարել, արգելքի տակ դնել վերջինիս գործունեությունը, ՏԿԿ-ի անունը գրանցել ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում, ինչպես նաև բռնագրավել կրոնական գրականությունը և գույքը հանձնել Ռուսաստանի Դաշնությանը։ 2009թ. դեկտեմբերի 8-ին ՌԴ գերագույն դատարանը անփոփոխ թողեց այդ որոշումը, և այն ուժի մեջ մտավ։ *

2016թ. սկզբին նման դատական որոշումների արդյունքում 88 կրոնական հրատարակություններ «ծայրահեղական» հայտարարվեցին, և երեք ՏԿԿ-ներ լուծարվեցին։ 18 այլ ՏԿԿ-ներ ենթարկվեցին քննության։ Բացի այդ, դաշնային իշխանությունները արգելեցին և արգելափակեցին Եհովայի վկաների՝ jw.org պաշտոնական վեբ կայքը, արգելեցին նրանց ողջ կրոնական գրականության ներմուծումը և Աստվածաշունչը՝ որպես «ծայրահեղական» գրականություն, գրաքննության ենթարկեցին։

Վարչական կենտրոնի լուծարման դեմ բերված «ապացույցներ»

2016թ. մարտին դատախազությունը իր հավաքած «ապացույցները» օգտագործեց հիմնավորելու համար Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում գտնվող Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնի դեմ արված նախազգուշացումը։ Դատախազը վարչական կենտրոնը ասոցացնում էր արգելված կրոնական գրականության և լուծարված կամ քննության փուլում գտնվող ՏԿԿ-ների հետ՝ նշելով. «Վարչական կենտրոնի կառուցվածքային ենթամասերի գործունեության մեջ շարունակ հայտնաբերվում են ծայրահեղականության դրսևորումներ»։

Նախազգուշացումը ստանալուց կարճ ժամանակ անց Վկաները դիմեցին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Յակովլևիչ Չայկային այն վերացնելու խնդրանքով։ Նա անփոփոխ թողեց այն և պատճառաբանեց, որ «կեղծված ապացույցների վերաբերյալ փաստերը և այլ խախտումներ, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել իրավապահ մարմինների կողմից անցկացված հետաքննության փուլում, հիմք չեն հանդիսանում նախազգուշացումը վերացնելու համար, քանի որ այն հիմնված է դատական որոշումների վրա»։ Պրն Ալենը նշեց. «Հավանաբար գլխավոր դատախազը կարծում է, որ դատարանը կարող է օրինականացնել ցանկացած ապացույց, որը կեղծվել է իրավապահ մարմինների անբարեխիղճ աշխատակիցների կողմից։ Ես հիշում եմ Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը, որով ապօրինի արգելք դրվեց այդ քաղաքում Եհովայի վկաների գործունեության վրա, որի վերաբերյալ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հակառակ որոշում կայացրեց»։ *

Գլխավոր դատախազի որոշումից հետո Վկաները նախազգուշացումը բողոքարկեցին Մոսկվա քաղաքի Տվերսկի շրջանային դատարան։ 2016թ. հոկտեմբերի 12-ին դատավոր Մ. Ս. Մոսկալենկոն թույլ չտվեց որևէ վկայի կամ փորձագետի ցուցմունք տալ դատական նիստին և մերժեց բողոքը։

Այս ապարդյուն քայլերի արդյունքում նախազգուշացումը մնաց ուժի մեջ։ Վարչական կենտրոնին սպառնում է լուծարման վտանգը, եթե գլխավոր դատախազությունը կարողանա համոզել դատարաններին, որ 1) Վկաների ՏԿԿ-ները շարունակում են խախտել ծայրահեղականության մասին օրենքը, կամ 2) իշխանությունները նախազգուշացում տալուց հետո մեկ տարվա ընթացքում Վկաների գործողությունների մեջ գտել են «ծայրահեղականության դրսևորումների առկայությունը հիմնավորող նոր փաստեր»։

Կեղծ «փաստերի» թիվը շարունակում է աճել

Սկսած 2016թ. մարտի 2-ից, երբ տրվեց նախազգուշացումը՝ Ռուսաստանի իշխանությունները ավելի մեծ ջանքեր են թափում, որպեսզի դիտավորյալ կերպով «նոր փաստեր» կեղծեն։ 35 փաստագրված դեպքեր կան (2012թ.-ից ի վեր ընդհանուր առմամբ՝ 60), երբ իշխանությունները արձանագրել են «հանցագործություն»՝ խուզարկության ժամանակ իրենց իսկ ձեռքով տարբեր տեղերում գաղտնի դնելով այնպիսի կրոնական գրականություն, որը Եհովայի վկաներն այլևս չեն օգտագործում։ Խուզարկությունները, որոնց ժամանակ գտնվել են այդ «ապացույցները», հաճախ ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից ագրեսիվ գործողություններով։

  • 2016թ. հուլիսի 28-ին Կարելական Հանրապետությունում երկու անգամ ներխուժել են Եհովայի վկաների հավաքատեղի։ Պետրոզավոդսկում ոստիկանության հատուկ նշանակության ուժերի զինված և դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Թագավորության սրահ և ընդհատել կրոնական հանդիպումը։ Ոստիկանները այդ շինությունում գաղտնի դրել են «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հինգ օրինակ և ավելի ուշ խուզարկման ժամանակ «հայտնաբերել» դրանք։ Իրավապահ մարմինները շինություններ ներխուժելու և խուզարկելու իրենց լիազորությունը հավաստող դատական որոշումներ երբևէ չեն ներկայացրել։ Կոստոմուկշայում անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները և ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնը ընդհատել են կրոնական հանդիպումը։ Թագավորության սրահը խուզարկելիս նրանք «գտել են» Վկաների երեք հրատարակություններ, որոնք ներառված են ծայրահեղական նյութերի պետական ցուցակում։

  • 2016թ. օգոստոսի 20-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ընդհատել են Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Մայսկի քաղաքում անցկացվող Եհովայի վկաների կրոնական հանդիպումը։ Թագավորության սրահից բոլորին ստիպողաբար դուրս հանելուց հետո այդ շինությունում նրանք «գտել են» ծայրահեղական նյութերի պետական ցուցակում ներառված գրականություն։ Իշխանությունները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որով կփաստվեր ներխուժման օրինական լինելը։

  • 2016թ. սեպտեմբերի 20-ին ոստիկանության հատուկ նշանակության ուժերի զինված և դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Ստավրոպոլի Նեզլոբնայա քաղաքում գտնվող Թագավորության սրահ։ Շենք մտնելու համար նրանք գործիքով կտրել են դռները և ծայրահեղական նյութերի պետական ցուցակում ներառված Վկաների մի քանի հրատարակություն դրել շենքում։ Այնուհետև նրանք խուզարկության ժամանակ «հայտնաբերել են» այդ հրատարակությունները։

Երևում է, թե ինչպես են ոստիկանները գաղտնի գրականություն դնում Նեզլոբնայայում գտնվող Թագավորության սրահի դատարկ պահարաններից մեկում։ Հետագայում այն «հայտնաբերում են» որպես «ապացույց»

Մեղադրանքներ ներկայացնելու քայլերը

Եհովայի վկաներին ներկայացված ծայրահեղական գործունեություն ծավալելու մեղադրանքներին նախորդում են նույնանման քայլեր, ինչպես երևում է Բիրոբիջան քաղաքում Վկաների ՏԿԿ-ի օրինակով։

  1. Քայլ 1։ Իրավապահ մարմինների աշխատակիցները գնում են Վկաների հավաքատեղի և գաղտնի դնում ծայրահեղական նյութերի պետական ցուցակում ներառված հրատարակություններ։

    Ոստիկաններն ու անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական արարողությունը, պնդեցին, որ հանդիպումը անօրինական է, և հետո հայտարարեցին, որ պետք է «ծայրահեղական նյութեր» փնտրեն։

  2. Քայլ 2։ Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկում են շինությունը և «հայտնաբերում» արգելված հրատարակությունները։

    Ոստիկանները «գտան» ծայրահեղական նյութերի պետական ցուցակում ներառված 12 հրատարակություն։ Ավելի ուշ Վկաները պարզեցին, որ հանդիպումից առաջ մի անծանոթ մարդ էր եկել, և հավանաբար նա էլ թաքցրել էր «ապացույցը»։

  3. Քայլ 3։ Դատախազը մեղադրանք է ներկայացնում Եհովայի վկաների ՏԿԿ-ին կամ դրա նախագահին ծայրահեղական նյութեր տարածելու համար և տուգանք է սահմանում։

    Շրջանային դատարանը ՏԿԿ-ի նախագահին մեղավոր ճանաչեց վարչական իրավախախտում կատարելու մեջ և 4000 ռուբլու (66,88 ԱՄՆ դոլար) տուգանք սահմանեց։

  4. Քայլ 4։ Դատախազը նախազգուշացում է տալիս ՏԿԿ-ին, որ 12 ամսվա ընթացքում չկրկնի ենթադրյալ խախտումը։

    Դատախազը նախազգուշացում տվեց այն մասին, որ «ծայրահեղական գործունեությամբ» զբաղվելը արգելված է։

  5. Քայլ 5։ Որոշ ժամանակ անց իրավապահ մարմինների աշխատակիցները վերադառնում են հավաքատեղի, շինության ներսում կրկին գաղտնի դնում են Վկաների արգելված հրատարակությունները և խուզարկության ժամանակ «գտնում» դրանք։

    Ոստիկանները ընդհատեցին կրոնական հանդիպումը, որպեսզի խուզարկեն շինությունը՝ «ծայրահեղական նյութեր» գտնելու նպատակով։ Սակայն նախքան նրանց խուզարկելը Վկաները գտել էին այդ հրատարակությունները և ձերբազատվել դրանցից։ Այնպես որ 2015թ. հոկտեմբերին ապացույցները կեղծելու այս փորձը ապարդյուն անցավ։ Սակայն 2016թ. հունվարի 21-ին ոստիկանները ավելի լավ էին պատրաստված։ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, ոստիկաններն ու անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ընդհատեցին Եհովայի վկաների կրոնական արարողությունները և հայտարարեցին, որ շենքը խուզարկելու են «ծայրահեղական նյութեր» գտնելու նպատակով։ Այնտեղ ներկա եղող մի Եհովայի վկա ոստիկաններից մեկի ձեռքում գրականության մի փաթեթ նկատեց։ Մեկ ուրիշ ոստիկան սկսեց գրականություն փնտրել այն տարածքում, որն արդեն խուզարկվել էր, սակայն այս անգամ առանց վկաների, և «գտավ» գրականության այդ փաթեթը։

  6. Քայլ 6։ Ենթադրյալ ծայրահեղական գործունեության մասին այս նոր փաստի հիման վրա դատախազությունը կամ Արդարադատության նախարարությունը դիմում է դատարան՝ ՏԿԿ-ն լուծարելու համար։

    Շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց ՏԿԿ-ի նախագահին վարչական իրավախախտում կատարելու մեջ և 3000 ռուբլու (50,16 ԱՄՆ դոլար) տուգանք սահմանեց նրա նկատմամբ։ 2016թ. հոկտեմբերի 3-ին մարզային դատարանը սահմանեց, որ «ՏԿԿ-ի գործունեության մեջ ծայրահեղականության դրսևորումները հավաստող նոր փաստեր են հայտնաբերվել», Բիրոբիջանի ՏԿԿ-ն «ծայրահեղական» ճանաչեց, արգելեց դրա գործունեությունը և պարտավորեցրեց լուծարել այն։

Որպես վերջնական քայլ՝ ՌԴ գերագույն դատարանը անփոփոխ թողեց «ծայրահեղական կազմակերպություններ» լինելու հիմքով Վկաների ՏԿԿ-ները լուծարելու մասին դատական որոշումները, օրինակ՝ Բելգորոդի ՏԿԿ-ի, Ստարի Օսկոլի ՏԿԿ-ի, Էլիստայի ՏԿԿ-ի և Օրյոլի ՏԿԿ-ի լուծարման մասին վերջերս կայացված որոշումները։ Բիրոբիջանի ՏԿԿ-ի վերաբերյալ Վկաների ներկայացրած բողոքը դեռ պետք է քննվի Գերագույն դատարանում։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ինչպիսի՞ն կլինի ավարտը

Վարչական կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կալինը հիշում է այն ժամանակները, երբ խորհրդային տարիներին իր ընտանիքը՝ որպես կրոնական հետապնդման զոհ, աքսորվեց Սիբիր։ Նա ասում է. «Երբ փոքր էի, իշխանությունները ցանկացած պահի կարող էին գալ Վկաների տները՝ փնտրելու կրոնական հրատարակություններ։ Բայց նրանց մտքով երբեք չէր անցնում Վկաների տներում նախապես գաղտնի հրատարակություններ դնել և հետո հայտնաբերել դրանք։ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կիրառվող այս նոր մեթոդը փաստում է, որ նրանք մինչև հիմա չեն կարողացել Եհովայի վկաներին ապօրինի գործունեության մեջ մեղադրելու համար իրական հիմքեր գտնել»։

2017թ. հունվարի 16-ին Մոսկվայի քաղաքային դատարանը պետք է քննի գլխավոր դատախազության նախազգուշացման դեմ Եհովայի վկաների բերած բողոքը և որոշում կայացնի։ Արդյո՞ք այն կսահմանի, որ գլխավոր դատախազությունը Եհովայի վկաների վարչական կենտրոնին ծայրահեղական գործունեության մեջ մեղադրելու ոչ մի հիմք չունի, և արդյո՞ք կվերացնի այդ նախազգուշացումը։ Եհովայի վկաները և այն մարդիկ, ովքեր արժևորում են մարդու իրավունքները Ռուսաստանում և ամբողջ աշխարհում, հույս ունեն, որ այդպես կլինի։

^ պարբ. 9 Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի որոշումը հալածանքի նոր ալիք բարձրացրեց Վկաների դեմ։ 2009թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2012թ. ապրիլի 26-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած 1126 դեպքերի մասին զեկույցները ցույց են տալիս, որ Եհովայի վկաները կրոնական գործունեությամբ զբաղվելիս ենթարկվել են հետապնդումների և հարձակումների, Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց ձերբակալել են և խուզարկել շինությունները, բացի այդ, նրանց հավաքատեղիները վանդալիզմի են ենթարկվել։

^ պարբ. 13 1995թ.-ին Մոսկվայում մի շարք քրեական և քաղաքացիական գործեր հարուցվեցին Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դնելու նպատակով, սակայն ապացույցների բացակայության պատճառով դրանք ընթացք չստացան։ 2004թ. մարտի որոշմամբ, սակայն, Գոլովինսկի շրջանի դատարանը, հիմք ընդունելով մի «փորձագիտական եզրակացություն», լուծարեց Եհովայի վկաների կրոնական համայնքը Մոսկվայում և արգելք դրեց վերջինիս գործունեության վրա։ 2010թ. հունիսի 10-ի իր վճռի մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանեց, որ Ռուսաստանի Դաշնությունը անհիմն կերպով միջամտել է Եհովայի վկաների՝ կրոնի և միավորվելու ազատության իրավունքի իրականացմանը, և պարտավորեցրեց կառավարությանը փոխհատուցել իր գործողությունների արդյունքում պատճառված վնասը։