ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
2017 թ. արգելքից հետո նշանակված ամենախիստ պատիժը. Ռուսաստանի դատարանը եղբայր Կլիմովին դատապարտել է վեց տարվա ազատազրկման
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանի վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը
2022 թ. հունվարի 27-ին Ընդհանուր իրավասության 8-րդ վճռաբեկ դատարանը մերժել է եղբայր Սերգեյ Կլիմովի բողոքը։ Նա դեռևս կմնա բանտում։
2019 թ. նոյեմբերի 5-ին Տոմսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանը եղբայր Սերգեյ Կլիմովին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Մինչ այդ Ռուսաստանում միայն եղբայր Դենիս Քրիստենսենն էր, որ դատապարտվել էր այդքան երկար ժամկետով։ Սակայն 2017 թ.-ին Գերագույն դատարանի՝ արգելքի մասին որոշումը ուժի մեջ մտնելուց հետո եղբայր Կլիմովի վերաբերյալ այս դատավճիռը ամենախիստն է, քանի որ դատարանը դրել է նաև հավելյալ սահմանափակումներ։
Եղբայր Կլիմովը ձերբակալվեց 2018 թ. հունիսի 3-ին, երբ իրավապահ մարմինները, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Եհովայի վկաների երկու տներ և մոտ 30 եղբոր ու քրոջ, որոնց թվում էր 83-ամյա մի քույր, տարան հարցաքննության։ Ավելի ուշ բոլորին, բացի եղբայր Կլիմովից, ազատ արձակեցին։ Եղբորը մեղադրանք առաջադրվեց, և դատարանը նրան երկու ամսով նախնական կալանքի վերցնելու մասին որոշում կայացրեց։ Այդ ժամկետը յոթ անգամ հետաձգվեց։ Դա նշանակում է, որ նախքան կսկսվեր նրա վեցամյա ազատազրկման ժամկետը, նա արդեն մեկ տարի և հինգ ամիս հեռու էր եղել իր կնոջից և ընտանիքի մյուս անդամներից։
Եղբայր Կլիմովի փաստաբանները կբողոքարկեն այս դատավճիռը։ Բացի այդ, 2018 թ. օգոստոսի 20-ին նրա նախնական կալանքի որոշման վերաբերյալ «Կլիմովն ընդդեմ Ռուսաստանի» գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ակնհայտ է, որ 2019 թ.-ին Ռուսաստանում ներխուժումների, ձերբակալությունների և ազատազրկումների թիվը աճել է։ Սակայն մեր եղբայրները անկոտրում են մնում։ Մենք քաջալերվում ենք՝ տեսնելով, որ Եհովան օրհնում է մեր եղբայրների լիարժեք վստահությունն իր հանդեպ (Սաղմոս 56։1–5, 9)։