ԱՊՐԻԼԻ 27, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
331 օր տևած նախնական կալանքից հետո երեք եղբայրներ կանգնեցին դատարանի առաջ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը
2022 թ. հունվարի 20-ին Լիպեցկի շրջանային դատարանը մերժեց եղբայրներ Վիկտոր Բաչուրինի, Ալեքսանդր Կոստրովի և Արթուր Նետրեբայի բողոքը։ Եղբայրներից կգանձվի նրանց նկատմամբ նշանակված տուգանքը։
2021 թ. նոյեմբերի 24-ին Լիպեցկի մարզի Սովետսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վիկտորին, Ալեքսանդրին ու Արթուրին և նրանց նկատմամբ նշանակեց 500 000 ռուբլու (6 700 դոլար) չափով տուգանք։ Քանի որ նրանք երկար ժամանակ եղել են նախնական կալանքի տակ, կվճարեն միայն 300 000 ռուբլի (4 000 դոլար) և կմնան ազատության մեջ։
Տվյալներ
Վիկտոր Բաչուրին
Ծնվել է 1962 թ. (Պավլովսկի Պոսադ, Մոսկվայի մարզ)
Կենսագրություն։ Ամուսնացած է, ունի երկու երեխա և մեկ թոռնուհի։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ 90-ականներին և մկրտվել է 1992 թ.-ին։ Ներկա պահին ընտանիքում միակ Վկան է։
Ալեքսանդր Կոստրով
Ծնվել է 1961 թ. (Սորտավալա, Կարելական Հանրապետություն)
Կենսագրություն։ Եղել է օդաչու, աշխատել է նաև որպես զոդող և էլեկտրիկ։ Ամուսնացել է Լարիսայի հետ 1997 թ.-ին։ Ունեն երկու երեխա։ Այժմ թոշակառու է։ Սիրում է ձկնորսությամբ զբաղվել։ Գիտակցելով աստվածաշնչյան սկզբունքների կարևորությունը՝ 2002 թ.-ին մկրտվել է։
Արթուր Նետրեբա
Ծնվել է 1978 թ. (Գլոդենի, Մոլդովա)
Կենսագրություն։ 1995 թ.-ին ամուսնացել է Սվետլանայի հետ։ Ունեն մեկ երեխա։ Աշխատանք գտնելու նպատակով տեղափոխվել են Լիպեցկ։ Արթուրն այժմ աշխատում է որպես վաճառքի մենեջեր։ Համոզվել է, որ Աստվածաշնչով ապրելը կյանքին տալիս է իրական իմաստ։ Մկրտվել է 2000 թ.-ին։
Դատական գործի պատմություն
2019 թ. դեկտեմբերի 2-ին ոստիկանները խուզարկեցին Լիպեցկում բնակվող յոթ Եհովայի վկաների տներ։ Եղբայրներ Վիկտոր Բաչուրինը, Ալեքսանդր Կոստրովը և Արթուր Նետրեբան ձերբակալվեցին։ Քանի որ եղբայրները մասնակցել էին ժողովի հանդիպումների և երկրպագության այլ ձևերի, Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մեղադրեց նրանց «սահմանադրության դեմ ուղղված ծանր հանցագործության» մեջ։ Նրանց ձերբակալեցին և պահեցին նախնական կալանքի տակ 331 օր։
Ալեքսանդրը նկատել է, որ նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում Եհովայի հետ իր փոխհարաբերությունները ամրացել են։ Նա ասում է. «Այսպիսի դժվարությունների ժամանակ ես հասկանում, որ Եհովայից բացի՝ ուրիշ ոչ ոք չի կարող քեզ օգնել»։
Արթուրը ասում է. «Վճռել եմ չկորցնել իմ ուրախությունն ու դրական տրամադրվածությունը։ Ինքս ինձ հիշեցնում եմ, որ սա ժամանակավոր է, և որ մեր Հայրը կվերացնի այս ամենի հետևանքները։ Որտեղ էլ որ լինեմ, ամենուր կգտնվի հնարավորություն խոսելու մեր Աստծու՝ Եհովայի մասին»։
Իսկ Վիկտորը հիշում է. «Այս յուրահատուկ հանգամանքներում հատկապես զգացի, որ Եհովայից լավ ընկեր չկա։ Անընդհատ զգում էի, որ նա կողքիս է»։
Վիկտորը նաև շատ շնորհակալ է բոլոր հավատակիցներին, քանի որ նրանք մեծապես օգնել են իր ոչ Վկա կնոջը, մինչ ինքը գտնվում էր կալանքի տակ։ Նա ասում է. «Կինս շատ էր տպավորվել որոշ քույրերի ուշադրությունից ու հոգատարությունից։ Ընտանիքիս բոլոր անդամները մեծ վկայություն ստացան՝ տեսնելով այն սիրո մթնոլորտը, որ տիրում է Վկաների մեջ»։
Համոզված ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհի մյուս ծայրերում գտնվող մեր այն հավատակիցներին, ովքեր դժվարությունների մեջ են (Եսայիա 51։12)։