ՄԱՐՏԻ 9, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
73-ամյա Վալենտինա Սուվորովան իր հավատի համար կարող է մեղավոր ճանաչվել
Դատավճռի հրապարակում
Չելյաբինսկի Մետալուրգիչեսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի քույր Վալենտինա Սուվորովայի գործով դատավճիռը։ a Դատախազը դեռևս պատժաժամկետ չի նշել։
Տվյալներ
Վալենտինա Սուվորովա
Ծնվել է 1948 թ. (Սորովսկոյե, Կուրգանի մարզ)
Կենսագրություն։ Չելյաբինսկի երաժշտական դպրոցում ավելի քան 30 տարի դասավանդելուց հետո թոշակի է անցել։ Սիրում է զբաղվել այգեգործությամբ, պարել և երաժշտություն լսել։
1973 թ.-ին ամուսնացել է Վլադիմիրի հետ։ Նրանց որդին՝ Իգորը, մի քանի տարի առաջ մահացել է քաղցկեղից։ Վերջերս կյանքից հեռացել են նրա մայրը և քույրը։
Դատական գործի պատմություն
2019 թ. մարտի 26-ին իրավապահ մարմինների աշխատակիցները Չելյաբինսկում և Եմանժելինսկում զինված ներխուժել են մեր ավելի քան 20 հավատակիցների տներ։ Երկար հետաքննությունից հետո 2019 թ. դեկտեմբերի 5-ին Աստվածաշունչ կարդալու և իր հավատի մասին ուրիշներին պատմելու համար 73-ամյա Վալենտինայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա չհեռանալու մասին փաստաթուղթ է ստորագրել։ Վլադիմիրի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել իր հավատալիքների համար։
Ոստիկանները ավտոմատներով մտան Սուվորովների տուն, երբ նրանք քնած էին։ Վալենտինան հիշում է, թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ. «Մենք չկարողացանք ո՛չ լվացվել, ո՛չ սանրվել, ո՛չ մեզ կարգի բերել։ Նրանք ամեն ինչ տակնուվրա արեցին մեր տանը և ամեն ծակուծուկ քրքրեցին՝ բոլոր դարակները, զարդատուփերը, դրամապանակները և գրպանները.... Նրանք նայեցին կաթսաները և նույնիսկ վարագույրներն ու անկողինները»։
Իր տարիքից և առողջական վիճակից ելնելով՝ Վալենտինան անհանգստանում էր, թե այդ հետապնդումներն ինչ հետևանքներ կունենան։
Վալենտինան ասում է, որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկի շնորհիվ կարողացել է հոգևորապես ամուր մնալ։ Նա նշում է. «Օրվա խոսքը ընթերցելը, խորհրդածելը և կարդացածս կիրառելը ինձ օգնել են, որ հաղթահարեմ դժվարությունները»։
Վալենտինան նաև ասում է, որ հանդիպումներին նախապատրաստվելը և դրանց ներկա լինելը, անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը առանցքային դեր ունեն սթրեսային իրավիճակները դիմագրավելու հարցում: Նա նշում է. «Ամեն հանդիպմանը նոր բան եմ սովորում ու փորձում եմ կիրառել սովորածս»։ Մեր քույրն ավելացնում է, որ անկեղծ աղոթքները խաղաղություն են տալիս իրեն՝ ասելով. «Միշտ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում օգնության համար»։
Վալենտինան հիշեցնում է իրեն և մյուսներին. «Կարիք չկա վախենալու ինչ-որ բանից։ Ամուր և հաստատուն եղիր հավատի մեջ, մտքումդ վառ պահիր Մատթեոս 6։33 և 2 Կորնթացիներ 1։3, 4 համարները»։
Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը, այդ թվում՝ Վալենտինան և Վլադիմիրը փաստում են Սաղմոս 64։10-ի խոսքերի ճշմարտացիությունը. «Արդարը Եհովայով կուրախանա և ապաստան կգտնի նրա մոտ, բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան»։
a Միշտ չէ, որ դատավճռի հրապարակման օրը կանխավ հայտնի է։