ՕԳՈՍՏՈՍԻ 4, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ Գերագույն դատարանը պետք է քննի Աբինսկի ՏԿԿ-ի լուծարման գործը
2015թ. օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը կքննի Աբինսկում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպության վերաբերյալ բողոքները (ՏԿԿ)։ Տագանրոգի և Սամարայի ՏԿԿ-ների լուծարման օրինակին հետևելով՝ այս տարվա սկզբին Աբինսկի իշխանությունները լուծարեցին Եհովայի վկաների իրավաբանական անձը։
Լուծարման կեղծ հիմքեր
Աբինսկում Եհովայի վկաների ժողովը բաղկացած է մոտ 100 անդամներից, որոնց մի մասը տարեց տղամարդիկ ու կանայք են։ Աբինսկի Եհովայի վկաների ՏԿԿ-ն գրանցվել է 1999թ. նոյեմբերին։ Այն իրավաբանական անձ է, որին պատկանում է Թագավորության սրահը՝ Եհովայի վկաների երկրպագության վայրը։
2012թ. դեկտեմբերին և 2013թ. հոկտեմբերին Աբինսկում իշխանությունները երկու Վկաների նկատմամբ վարչական իրավախախտման հիմքով մեղադրանք առաջադրեցին։ Ենթադրյալ խախտումը կայանում էր նրանում, որ նրանք էքստրեմիստական ճանաչված գրականություն են տարածել։ Երկու վկաներն էլ հարում էին տեղի ժողովին, սակայն նրանցից ոչ ոք Աբինսկի ՏԿԿ-ի անդամ չէր։ Դատախազը անտեսեց այս փաստը և այս մարդկանց նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները օգտագործեց որպես ՏԿԿ-ն լուծարելու հիմք։
Հիմնվելով նշված սխալ նախադրյալների վրա՝ 2015թ. մարտի 4-ին Կրասնոդարի տարածքային դատարանը սահմանեց, որ «Աբինսկի Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը ճանաչվում է էքստրեմիստական և լուծարվում է, ինչպես նաև գրանցումը չեղյալ է համարվում իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում»։ Այնուհետև դատարանի որոշմամբ Թագավորության սրահի սեփականության իրավունքը պետք է փոխանցվեր պետությանը։ Եթե Գերագույն դատարանը անփոփոխ թողնի այս որոշումը, Աբինսկում Եհովայի վկաները կզրկվեն իրենց երկրպագության վայրից։
Կիրառվում են նույն կասկածելի մեթոդները
Սխալ կիրառելով էքստրեմիստական գործունեության դեմ դաշնային օրենքը՝ Աբինսկի իշխանությունները հետևեցին Տագանրոգ և Սամարա քաղաքներում Վկաների ՏԿԿ-ները լուծարելու համար իշխանությունների կողմից կիրառված մեթոդներին։ Աբինսկում նույնպես էքստրեմիստական գործունեության վերաբերյալ մեղադրանքները իրականում որևէ հիմք չունեին։ Տագանրոգում և Սամարայում Եհովայի վկաները վճռականորեն դատական կարգով պաշտպանում են իրենց կեղծ մեղադրանքներից։ Նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պաշտպանելու կրոնի ազատության իրենց իրավունքը։
Աբինսկում Եհովայի վկաները չեն հանձնվում
Աբինսկում Եհովայի վկաների փոքր համայնքը կշարունակի իր կրոնական գործունեությունը՝ հետևելով ամբողջ աշխարհում իրենց հավատակիցների օրինակին։ Սակայն Եհովայի վկաները հուսով են, որ ՌԴ Գերագույն դատարանը կճանաչի առաջին ատյանի դատարանի որոշման անհիմն լինելը և թույլ կտա Աբինսկի Եհովայի վկաներին շարունակել իրենց խաղաղ հանդիպումները իրենց իսկ երկրպագության վայրում։