ՀՈՒԼԻՍԻ 27, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանը արգելքի տակ է դնում Եհովայի վկաների պաշտոնական կայքը
www.pr418.com կայքը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կողմից ծայրահեղական ճանաչվելուց յոթ ամիս հետո Ռուսաստանի իշխանությունները արգելքի տակ դրեցին Եհովայի վկաների պաշտոնական կայքը։ Արգելքը ուժի մեջ մտավ 2015թ. հուլիսի 21-ին, երբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը jw.org կայքը ընդգրկեց ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակի մեջ։ Ինտերնետ կապի մատակարարները ամբողջ Ռուսաստանում արգելափակցին կայքը, և այժմ երկրի ներսում այն տարածելը հանցագործություն է համարվում։ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որ արգելքի տակ է դրել jw.org կայքը։
Ինչը հանգեցրեց JW.ORG կայքի արգելափակմանը
2013-ին Տվեր քաղաքի իշխանությունները կայքի դեմ ուղղված գաղտնի դատական գործ էին հարուցել։ Ռուսաստանում Եհովայի Վկաները տեղյակ չէին, որ Տվեր քաղաքի դատախազը բողոք է ներկայացրել Ցենտրալնի շրջանային դատարան՝ պահանջելով արգելքի տակ դնել jw.org կայքը այն հիմնավորմամբ, որ այն պարունակում է Եհովայի վկաների կրոնական մի քանի հրատարակություններ, որոնք Ռուսաստանի դատական ատյանների որոշմամբ ճանաչվել են ծայրահեղական։ * 2013թ. օգոստոսի 7-ին շրջանային դատարանը բավարարեց դատախազի պահանջը և, առանց Եհովայի վկաներին իրազեկելու, jw.org կայքը ճանաչեց ծայրահեղական։
Մեկ ամիս անց, երբ Վկաները տեղի զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացան վճռի մասին, բողոքարկեցին այն և կայքից Ռուսաստանի տարածքում օգտվողների համար կամավոր հեռացրին ծայրահեղական ճանաչված հրատարակությունները։ 2014թ. հունվարի 22-ին Տվեր քաղաքի մարզային դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ սահմանելով, որ դատարանը ոչ մի իրավական հիմք չուներ արգելքի տակ դնելու jw.org կայքը, և որ այն պետք է դատական նիստին հրավիրեր կայքի սեփականատիրոջը։
Չբավարարվելով մարզային դատարանի որոշմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալ Ս. Գ. Կեխլերովը բողոքարկեց որոշումը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան։ Վկաները պատշաճ կերպով չէին ծանուցվել դատական նիստի մասին։ Այդուհանդերձ, 2014թ. դեկտեմբերի 2-ին Գերագույն դատարանը քննեց դատախազի վճռաբեկ բողոքը մեղադրվող կողմի բացակայությամբ։
Գերագույն դատարանը հաստատեց, որ Վկաները 2013թ. օգոստոսին կայացրած առաջին ատյանի վճռից կարճ ժամանակ անց հեռացրել են ծայրահեղական ճանաչված հրատարակությունները կայքից, սակայն առանց հիմնավորման սահմանեց, որ այդ հրատարակությունները հնարավոր է կրկին հայտնվեն կայքում։ Հետևաբար, Դատարանը բեկանեց մարզային դատարանի որոշումը և անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը, որով jw.org կայքը ճանաչվել էր ծայրահեղական։ * Եհովայի վկաները կրկին բողոքարկեցին Գերագույն դատարան՝ վիճարկելով կայացված որոշումը, սակայն Դատարանը մերժեց այն։ Նրանք նաև բողոք ներկայացրին Գերագույն դատարանի նախագահին, որը 2015թ. հուլիսի 8-ին նույնպես մերժեց այն։
Գերագույն դատարանի որոշումը սպառնում է կրոնական ազատությանը
Եհովայի վկաների համոզմամբ Գերագույն դատարանի որոշումը անհիմն է և կամայական, քանի որ ծայրահեղական ճանաչված որևէ կրոնական հրատարակություն jw.org կայքում հասանելի չի եղել Ռուսաստանում օգտվողների համար՝ սկսած 2013թ. աշնանից։ Այդ որոշման հիման վրա Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են ինտերնետ կապի մատակարարներին արգելափակել jw.org կայքը Ռուսաստանի տարածքում։ Դրանով ընթերցողները զրկվել են ավելի քան 130 լեզուներով թարգմանված Աստվածաշնչից և ավելի քան 700 լեզուներով թարգմանված աստվածաշնչյան հրատարակություններից օգտվելու հնարավորությունից, այդ թվում ռուսերեն և ռուսերեն ժեստերի լեզվով։ Այժմ յուրաքանչյուր ոք Ռուսաստանում, ով տարածում է կամ խրախուսում է ուրիշներին օգտվել կայքից, ենթակա է վարչական կամ քրեական հետապնդման ծայրահեղական գործունեություն իրականացնելու համար։ Արգելքի պատճառով ավելի քան 170000 Եհովայի վկաներ զրկվել են այս միջոցից, որը կենսական է իրենց հոգևոր կրթության և երկրպագության համար։
Գերագույն դատարանի որոշումը Ռուսաստանի որոշ պաշտոնյաների համար ևս մեկ հնարավորություն է սահմանափակելու Եհովայի վկաների խաղաղ կրոնական գործունեությունը։ Քանի դեռ որոշ պաշտոնյաներ շարունակում են սխալ կիրառել ծայրահեղական գործունեության դեմ պայքարի մասին Ռուսաստանի օրենքը, կրոնական ազատությունը Ռուսաստանում գնալով ավելի շատ կսահմանափակվի։ Եհովայի վկաները հույս ունեն, որ անկողմնակալ պաշտոնյաները կպաշտպանեն երկրպագության ազատության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, ինչը երաշխավորված է Ռուսաստանի միջազգային համաձայնագրերով և իր իսկ Սահմանադրությամբ։
^ պարբ. 4 2015թ. հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի դատարանները Եհովայի վկաների 78 հրատարակություններ ճանաչել են ծայրահեղական։ Վկաները վիճարկում են այդ որոշումները և՛ ներպետական դատարաններում, և՛Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
^ պարբ. 7 Մասնավորապես դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք էր ներկայացրել և Գերագույն դատարանի քաղաքացիական գործերով պալատը որոշում էր կայացրել բողոքի վերաբերյալ։