ՄԱՅԻՍԻ 4, 2020
ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել կրիո լեզվով
Ծրագիրը հեռարձակվել է Սիեռա Լեոնեի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ
2020 թ. ապրիլի 26-ին Սիեռա Լեոնեում կրիո լեզվով խոսող դաշտում ծառայող ավելի քան 2 000 քարոզիչներ մեծ ցնծություն ապրեցին, երբ լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» կրիո լեզվով։
Մեր եղբայրները չէին կարող հավաքվել այս հատուկ իրադարձությանը, քանի որ իշխանությունները կորոնավիրուսի տարածման պատճառով արգելել էին հավաքույթներ կազմակերպել։ Մեր հավատակիցները ուղիղ հեռարձակում չիրականացրին, քանի որ Սիեռա Լեոնեում շատ քարոզիչներ, հատկապես նրանք, ովքեր փոքր քաղաքներում են ապրում, էլեկտրոնային սարքեր չունեն։
Ուստի Լիբերիայի մասնաճյուղի կոմիտեն, որը վերահսկում է քարոզչական գործը Սիեռա Լեոնեում, Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեից հավանություն ստացավ նկարահանելու կարճ ծրագիր, որում կհայտարարվի Աստվածաշնչի լույսընծայման մասին։ Քարոզիչները հատուկ ծրագիրը լսեցին ռադիոյով և հեռուստատեսությամբ, թեև չգիտեին, որ այդ ծրագրի ընթացքում հայտարարվելու է Աստվածաշնչի լույսընծայման մասին։
Այդ հատուկ ծրագրից մի քանի օր առաջ քարոզիչների տուն փաթեթներ էին առաքվել, որոնցում նոր Աստվածաշունչն էր։ Փաթեթում հրահանգ կար բացել այն միայն հատուկ ծրագրից հետո։
Լույսընծայումից անմիջապես հետո քույր Մեգան Դիասը, որը տեղափոխվել է Սիեռա Լեոնե, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, ասաց. «Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը զանգեց ու ասաց, որ լսել է ելույթը և այնքան ուրախ է ու շնորհակալ Եհովային, որ տվել է այս թարգմանությունը։ Վաղը մենք այս Աստվածաշունչն ենք օգտագործելու ուսումնասիրության ժամանակ»։
Տունկարան, որը Աստվածաշունչ է ուսումնասիրում և խոսում է կրիո լեզվով, նշեց. «Քրիստոնեական Հունարեն Գրությունների լույսընծայումը կրիո լեզվով փաստում է, որ Եհովան ուզում է բարի լուրը հասցնել բոլորին, որպեսզի նրանք ոչ միայն սովորեն, այլև բավականաչափ հասկանան՝ իրենց երեխաներին սովորեցնելու համար։ Ես անչափ ուրախ եմ մեր լեզվով արված այս նոր թարգմանության համար»։
Կրիո լեզվի հիմքն անգլերենն է։ Այն կրեոլ լեզու է, որով խոսում է Սիեռա Լեոնեի բնակչության մեծ մասը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանության գործին մասնակցել են 4 թարգմանիչներ, և այն ավարտին է հասցվել 2,5 տարում։ Հենց հաջորդ օրը՝ ապրիլի 27-ին, Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակը հասանելի դարձավ jw.org կայքում ներբեռնելու համար։
Ինչպես Սիեռա Լեոնեում բնակվող մեր հավատակիցներն, այնպես էլ մենք երախտապարտ ենք կրիո լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների թողարկման համար։ Այն ևս մեկ «բարի պարգև և կատարյալ նվեր» է մեր երկնային Հայր Եհովայից (Հակոբոս 1։17)։