ՕԳՈՍՏՈՍԻ 3, 2023
ՍՈՒԴԱՆ
Հոգևոր սնունդը զորացնում է Սուդանի մարտերի պատճառով տեղահան եղած հավատակիցներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք 2023 թ. մայիսի 12-ին jw.org կայքի «Լուրեր» բաժնում, Սուդանի մայրաքաղաք Խարթումում երկու զինված խմբավորումների միջև թեժ մարտերի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել կամ վիրավորվել։ Խարթումում կամ դրա մոտակայքում ապրող հավատակիցներից ոմանք որոշել են փախչել քաղաքից։ Այս ողջ ընթացքում Եհովայի կազմակերպության տրամադրած հոգևոր կերակուրն ու հանդիպումները զորության ու քաջալերանքի աղբյուր են եղել նրանց համար։
Օրինակ՝ մարտերը սկսվելուց մի քանի օր անց Խարթումից մի ռահվիրա քույր՝ 23-ամյա Աջուջան, օնլայն մասնակցեց ժողովի հանդիպմանը, որի ժամանակ ուսումնասիրության «Դիտարանից» քննարկվում էր «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք» վերնագրով հոդվածը։ Նա պատմում է. «Հոդվածի քննարկումը հիշեցրեց ինձ, որ շուրջս կատարվող դեպքերը աստվածաշնչյան մարգարեությունների կատարումն են։ Դա հենց այն քաջալերանքն էր, որի կարիքն ունեի այդ պահին»։ Իրավիճակի վատթարացման պատճառով Աջուջան որոշեց հեռանալ քաղաքից։ Նա նշում է. «Ճանապարհին վստահությամբ էի լցվում՝ լսելով մեր թեմատիկ երգերն ու այլ ձայնագրություններ։ Աղոթում էի Եհովային, որ ապահով տեղ հասնենք»։ Աջուջան բարեհաջող հասավ Կասսալա և տեղի հավատակիցները ջերմորեն հյուրընկալեցին նրան։
24-ամյա Իլայը, ով երեց է ու ռահվիրա, Էլ Հաջ Յուսիֆից, որը մոտ է Խարթումում տեղի ունեցող հակամարտությանը, փախավ մոտ 330 կմ (205 մղոն) հեռու գտնվող Կոստի քաղաք։ Հավատակիցները դիմավորեցին նրան և ապահովեցին սննդով ու կացարանով։ Հետ նայելով՝ Իլայը նշում է, որ տեղահանման շաբաթվա ընթացքում իրեն մեծապես քաջալերում էր յուրաքանչյուր օրվա խոսքը։ Օրինակ՝ Սաղմոս 91։2-ը հիշեցրեց նրան, որ պետք է Եհովային իր ապավենն ու ամրոցը դարձնի։ Իլայն ասում է. «Այս անհանգիստ աշխարհում ոչ մի տեղ իրական խաղաղություն չես գտնի, և քաղաքական ու ռազմական առաջնորդները չեն կարող լուծում առաջարկել։ Մեր իրական հույսը Աստծու Թագավորությունն է, որը վերջ կդնի մարդկության բոլոր խնդիրներին»։
Թիան և նրա կինը՝ Ջուլիան, ռահվիրաներ են Օմդուրման քաղաքից, որը նույնպես Խարթումին մոտ է գտնվում։ Երբ հակամարտությունը սրվեց, նրանք վերհիշեցին «Դիտարանի» ուսումնասիրության վերջին հոդվածներից մեկը, որը քրիստոնյաներին հորդորում էր անհապաղ հետևել իրենց կայացրած որոշումներին։ Տեսնելով, որ քաղաքում իրավիճակը գնալով վատթարանում է՝ Թիան և Ջուլիան որոշեցին, որ ամենաճիշտը կլինի արագ գործել և հեռանալ քաղաքից։ Նրանք ապահով հասան նոր բնակավայր և վայելեցին հավատակիցների ջերմ ընդունելությունը։ Զույգն անչափ երախտապարտ էր «Դիտարանում» տեղ գտած մտքերի համար։ Ջուլիան նշում է. «Հպարտ ենք, որ այսպիսի սիրառատ ու ջերմ կազմակերպության մի մասն ենք։ Իրոք որ, Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել»։
Հատկանշական է, որ վերոհիշյալ բոլոր հավատակիցները նոր բնակավայրերում անմիջապես վերականգնեցին իրենց հոգևոր սովորությունները։ Նրանք ակտիվորեն մասնակցում են հանդիպումներին ու ծառայությանը և անգամ Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսել։ Այս հոգևոր գործերի շնորհիվ նրանք մտերմացել են նոր ժողովների հավատակիցների հետ, ինչպես նաև լցվել են հաստատակամությամբ և ուրախությամբ։
Որքա՜ն քաջալերական է տեսնել, որ Սուդանի մեր հավատակիցները շարունակում են մխիթարություն և հույս ստանալ Եհովայից ու նրա Խոսքից (Հռոմեացիներ 15։4, 5)։