ԱՊՐԻԼԻ 9, 2015
ՎԱՆՈՒԱՏՈՒ
Եհովայի վկաները օգնում են «Պեմ» փոթորկից տուժածներին
ՆՈՒՄԵԱ (Նոր Կալեդոնիա)։ 2015 թ. մարտի 13-ի գիշերը «Պեմ» արևադարձային ցիկլոնը աղետալի վնաս հասցրեց Վանուատու խաղաղօվկիանոսյան պետությանը։ Այն հասել է ուժգնության հինգերորդ կատեգորիայի։ Նոր Կալեդոնիայում Եհովայի վկաների մասնաճյուղի նախնական տեղեկատվությամբ ոչ մի Վկա չի զոհվել կամ վնասվել։ Թեև հասցված վնասը լիովին չի գնահատվել, սակայն հայտնի է, որ Էֆատե կղզում ավերվել է Վկաների 31 տուն, իսկ 58 տուն մեծապես վնասվել է։ Թաննա կղզում գրեթե բոլոր Վկաների տները կա՛մ ավերվել են, կա՛մ վնասվել։ Քամու ուժգին պոռթկումներից ավերվել է նաև երեք Թագավորության սրահ, իսկ մեկ ուրիշ սրահ էլ վնասվել է ծառի հարվածից։
Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայում աղետից տուժածներին օգնելու կոմիտե հիմնվեց, որը մոտ 100 Վկա ընտանիքների ապահովեց մթերքով, խմելու ջրով և ժամանակավոր վրաններով։ Ավելին, մեկ տոննա հումանիտար օգնություն ուղարկվեց Թաննայի Վկաներին։ Օգնություն տրամադրելու հարցում Ավստրալիայի մասնաճյուղը համագործակցում է Նոր Կալեդոնիայի մասնաճյուղի հետ. ծրագրվում է կառուցել ապաստարաններ, վերանորոգել վնասված տները և տրամադրել հագուստ, անկողին և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։
Ժան Պիեր Ֆրանսինը՝ Նոր Կալեդոնիայի՝ Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչը, ասաց. «Մենք անչափ շնորհակալ ենք արտերկրից, ինչպես նաև այլ կազմակերպություններից օգնություն ստանալու համար։ Քանի որ այժմ վերականգնվել է բոլոր կղզիների հետ կապը, Նոր Կալեդոնիայի մասնաճյուղի ներկայացուցիչը և շրջագայող ծառայողները այցելում են կղզի, որպեսզի օգնություն ցույց տան, ինչպես նաև մխիթարեն ու աջակցեն տուժածներին»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Նոր Կալեդոնիա: Ժան Պիեր Ֆրանսին, հեռ. +687 43 75 00