Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2017
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Վենեսուելայում Եհովայի վկաները շարունակում են աստվածաշնչյան կրթություն տալ տնտեսական ճգնաժամի պայմաններում

Վենեսուելայում Եհովայի վկաները շարունակում են աստվածաշնչյան կրթություն տալ տնտեսական ճգնաժամի պայմաններում

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են Վենեսուելայում վատթարացող իրավիճակի մասին, որը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։ Վենեսուելայի մասնաճյուղի կոմիտեն տեղեկացնում է, որ մեր եղբայրներն ու քույրերը նույնպես տուժել են այս ճգնաժամի պատճառով։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը խորապես մտահոգված է այս տեղեկություններով։

Զինված հանցագործները շաբաթական հանդիպումների ժամանակ մտել են որոշ Թագավորության սրահներ՝ էլեկտրոնային սարքավորումներ և այլ արժեքավոր իրեր հափշտակելու նպատակով։ Որոշ դեպքերում հանդիպումներն անցկացվում են մասնավոր տներում, քանի որ կատաղի բախումների պատճառով հնարավոր չէ գնալ Թագավորության սրահներ։ Մեր եղբայրներից ու քույրերից ոմանք կորցրել են իրենց աշխատանքը, քանի որ նրանց աշխատատեղերը փակվել են։ Ուրիշներն էլ, ովքեր բիզնես ունեն, դարձել են հանցագործների ու բանդաների անդամների թիրախը և ստիպված են եղել վաճառել իրենց բիզնեսն ու ապահովության համար փախչել երկրից։ Ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում մեր հավատակիցներից առնվազն 680 հոգի առևանգվել է, ավելի քան 13146-ը զինված կողոպուտի զոհ է դարձել, իսկ 144-ը բռնաբարվել, կամ նրանց հանդեպ բռնաբարության փորձ է արվել։ 2017թ. օգոստոսի 10-ի տվյալներով՝ մեր եղբայրներից ու քույրերից 47-ը սպանվել է։ Ոմանք էլ մահացել են անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով։

Կառավարիչ մարմինը շարունակում է ուշադիր հետևել ստեղծված իրավիճակին և օգտագործել եղբայրների ու քույրերի հիմնական կարիքները հոգալու նպատակով նվիրաբերված միջոցները՝ նրանց օգնելու համար։ Կառավարիչ մարմինը նաև խորհրդակցում է ողջ աշխարհում եղող մասնաճյուղերի հետ՝ պարզելու համար, թե որն է Վենեսուելայի մեր հավատակիցներին օգնություն հասցնելու լավագույն միջոցը, քանի որ առանձին անհատների կողմից անմիջականորեն տրված օգնությունը կարող է վտանգավոր լինել։

Վենեսուելայի մասնաճյուղի կոմիտեն մասնաճյուղում կազմավորել է օգնության կոմիտե, որը վերահսկում է 24 ենթակոմիտեների գործունեությունը ողջ երկրում, որպեսզի հոգ տանի եղբայրների կարիքները։ Վենեսուելայում ավելի քան 149000 քարոզիչներ ոչ միայն տոկում են ծանր իրավիճակների ներքո այս «վերջին օրերում», այլև ավելի մեծ ջանքեր են գործադրում, որ Աստվածաշնչի մխիթարական լուրը հայտնեն իրենց մերձավորներին (2 Տիմոթեոս 3։1–5; 4։2)։ Լուիս Ռ. Նավասը՝ Վենեսուելայի մասնաճյուղի ներկայացուցիչը, ասում է. «Հոգևոր առումով մենք երբեք այսքան լավ վիճակում չենք եղել։ Ժողովի հանդիպումներին հաճախողների թիվը ավելացել է։ Մեծ թվով քարոզիչներ սկսել են ռահվիրա ծառայել՝ ինչ խոսք, ավելի շատ զգուշություն դրսևորելով ծառայության մեջ։ Քանի որ մեր հարևանները գիտեն, որ մենք խիստ չեզոք դիրք ունենք և որևէ կերպ չենք մասնակցում երկիրը խարխլող հանցավոր գործունեությանը, ուրախությամբ լսում են հույս և մխիթարություն տվող մեր հայտնած աստվածաշնչյան լուրը»։

Վենեսուելայում Եհովայի վկաները կշարունակեն հոգ տանել իրար և մխիթարել իրենց մերձավորներին։ Իսկ ողջ աշխարհում նրանց եղբայրներն ու քույրերը կշարունակեն աջակցել նրանց ու աղոթել նրանց համար (Հռոմեացիներ 12։12, 13; 2 Կորնթացիներ 1։3, 4

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Վենեսուելա: Լուիս Ռ. Նավաս, +58-244-400-5000