ԱՊՐԻԼԻ 21, 2021
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
2021 թ. Հիշատակի երեկո. Վենեսուելա
Չնայած խոչընդոտներին՝ Վենեսուելայի մեր հավատակիցները միջոցներ են գտնում՝ ներկա լինելու Հիշատակի երեկոյին և հրավիրելու ուրիշներին
Մեր եղբայրներն ու քույրերը Վենեսուելայում շարունակում են բազում դժվարություններ կրել, որոնցից են տևական տնտեսական ճգնաժամը և քաղաքացիական խռովությունները, ինչպես նաև COVID-19 համավարակը։ Այդուհանդերձ, նրանք բազմաթիվ կերպեր են գտել, որ ոչ միայն նշեն Հիսուսի մահվան հիշատակի երեկոն, այլև ուրիշներին հրավիրեն։
Օրինակ՝ Հիշատակի երեկոյից երկու շաբաթ առաջ զինված բախումներ սկսեցին Կոլումբիայի սահմանի մոտ՝ Լա Վիկտորիա քաղաքում։ Այդ տարածքի բոլոր քարոզիչները փախան Կոլումբիա։ Կոլումբիայի «Արաքիտա» ժողովի քարոզիչները Վենեսուելայի եղբայրներին աջակցեցին, որ կարողանան օնլայն միանալ Հիշատակի երեկոյին։
Ֆալկոն նահանգում մի ժողով այնպիսի տարածքում է գտնվում, որտեղ բջջային և ինտերնետային ծածկույթ գրեթե չկա։ Ուստի ժողովը Հիշատակի երեկոյի ելույթը 70 քարոզիչներին հեռարձակեց ռացիայի միջոցով։
Մի քույր նշեց. «Թեև չենք կարող գրկել կամ տեսնել իրար, սակայն կարող ենք լսել միմյանց ձայները։ Այնպիսի զգացողություն ունեմ, ասես բոլորս միասին ենք»։
Հիշատակի երեկոյին նախորդող օրերին ժողովները հատուկ ջանքեր գործադրեցին, որ երկրի մեկուսի վայրերից մարդկանց հրավիրեն՝ լսելու ծրագիրը։ Ծրագիրը հնարավոր եղավ լսել տարբեր միջոցներով։ Ընդ որում, ավելի քան 3 000 հրավերներ ուղարկվեցին։ Ջանքերն ապարդյուն չեղան։ Օրինակ՝ ծովափնյա Արայա քաղաքից Հիշատակի երեկոյի ծրագիրը ավելի քան հարյուր մարդ լսեց հեռախոսով։
Վենեսուելայի մասնաճյուղը նաև կազմակերպեց, որ Հիշատակի երեկոն հեռարձակվի 82 ռադիոկայանով և 9 հեռուստաալիքով։ Այս նախաձեռնության շնորհիվ առնվազն 8 000 հավատակիցներ և հյուրեր նշեցին Հիշատակի երեկոն։ Ծրագիրը հեռարձակվեց մի քանի բնիկ լեզուներով՝ գուահիբո, պեմոն, պիարոա, յարուրոյե, վարաու, վայունայկի և յեկուանա։
Գուասիպատիում Հիշատակի երեկոն պետք է երեկոյան 6։30-ից հեռարձակվեր տեղական ռադիոկայանով։ Իսկ այդ վայրում հաճախ են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ։ Դա նշանակում էր, որ ոմանք չէին կարողանալու լսել ամբողջ ելույթը։ Սակայն ռադիոկայանում տեխնիկական խնդիրներ առաջացան, որոնց պատճառով ելույթը այդ գիշեր ավելի քան 10 անգամ հեռարձակվեց։ Արդյունքում ունկնդիրները Հիշատակի երեկոյի ելույթը հնարավորություն ունեցան լսելու տարբեր ժամերի։ Ըստ որոշ տվյալների՝ ավելի քան 600 հոգի լսեց ծրագիրը։ Մի եղբայր ասաց. «Եհովան հոգ տարավ, որ ոչ ոք բաց չթողնի այս ելույթը»։
Թեպետ մեր հավատակիցները «զանազան փորձությունների պատճառով տրտմել» էին, սակայն այժմ «մեծապես ուրախանում» են, քանի որ Եհովան օրհնեց Հիշատակի երեկոն նշելու և ուրիշներին հրավիրելու նրանց ջանքերը (1 Պետրոս 1։6, 7)։