Իրավիճակը Վրաստանում
Եհովայի վկաները Վրաստանում քարոզում են 1953թ.-ից։ Նրանք պաշտոնապես գրանցված են և հիմնականում առանց խոչընդոտների իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը։ Սակայն ժամանակ առ ժամանակ կրոնական անհանդուրժողականության հետ կապված խնդիրներ են ծագում։
1999–2003թթ. Եհովայի վկաների դեմ դաժանության ու բռնության մեծ ալիք էր բարձրացել կրոնական ծայրահեղականների կողմից։ Իրավիճակը վատթարացնում էր այն, որ իրավապահ մարմինները քայլեր չէին ձեռնարկում մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակահատվածում պառլամենտի ազգայնամոլ անդամներից մեկին հաջողվեց Եհովայի վկաների իրավաբանական անձանց գրանցումը չեղյալ համարել, ինչն էլ նպաստեց Վկաների նկատմամբ բռնարարքների աճին։ Վկաները վեց բողոք ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդիրը լուծելու նպատակով։ 2007-ին և 2014-ին ՄԻԵԴ-ը երկու միաձայն որոշում կայացրեց, որով դատապարտեց Վրաստանի կառավարությանը, քանի որ վերջինս անհապաղ քայլեր չէր ձեռնարկել կրոնական հողի վրա կատարված բռնություններին վերջ դնելու համար։ 2015թ.-ին ՄԻԵԴ-ը միաձայն ընդունեց, որ Վրաստանի կառավարությունը 2001թ.-ին անարդարացի կերպով է չեղյալ համարել Եհովայի վկաների իրավաբանական անձանց գրանցումը։ Վրաստանի կառավարությունը ևս ընդունեց այդ փաստը։
2004-ից Եհովայի վկաների նկատմամբ բռնարարքները զգալիորեն նվազել են։ Նրանք ընդլայնել են իրենց գործունեությունը և կառուցել են բազմաթիվ Թագավորության սրահներ։ Սակայն երբեմն գրանցվում են կրոնական հողի վրա հարձակման և հալածանքի դեպքեր։ Խնդիրը կայանում է նրանում, որ կառավարությունը հաճախ քայլեր չի ձեռնարկում այս հանցագործություններին վերջ դնելու համար։ Եհովայի վկաները ակնկալում են, որ կառավարությունը լիովին կկիրառի ՄԻԵԴ-ի վճիռները՝ անհապաղ կքննի Վկաների դեմ կատարած հանցագործությունները և հանցագործության հեղինակներին պատասխանատվության կենթարկի։