Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 22, 2015
ՎՐԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ում Վրաստանը ընդունել է, որ խախտել է Եհովայի վկաների իրավունքները

ՄԻԵԴ-ում Վրաստանը ընդունել է, որ խախտել է Եհովայի վկաների իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Վրաստանի կառավարությունը ընդունել է, որ խախտել է Եհովայի վկաների՝ կրոնի ազատության և միավորման ազատության իրավունքները։ «Եհովայի վկաների միությունը և այլք ընդդեմ Վրաստանի» գործը վերաբերում է Եհովայի վկաների երկու իրավաբանական անձանց գրանցումը կառավարության կողմից չեղյալ համարելուն։ Գրանցումը չեղյալ համարելը հանգեցրել է 2001-ից 2004 թվականներին Եհովայի վկաների նկատմամբ բռնարարքների աճին։

Վրաստանը ընդունել է, որ թույլ է տվել խախտումներ

2015թ. մայիսի 21-ին * ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ 2014թ. սեպտեմբերին կառավարությունը հայտարարություն է ներկայացրել դատարանին՝ նշելով Եհովայի վկաների իրավունքների «խախտման վերաբերյալ ափսոսանք հայտնելու ցանկության մասին»։ Այդ հայտարարությամբ կառավարությունը ընդունում էր, որ 2000թ.-ին Եհովայի վկաների իրավաբանական անձանց գրանցումը չեղյալ համարելը «արդարացված չէր», և որ համապատասխան օրենսդրության պակասը զրկել է իրավաբանական անձանց գրանցվելու հնարավորությունից։

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ կառավարության կողմից իր խախտումները ընդունելը բավարար հիմք է տալիս հարցը կարգավորելու համար։ Այն նշել է, որ «տարբեր կրոնական խմբերի գրանցումը մերժելով կամ չեղյալ համարելով՝ համապատասխան մարմինները ոտնահարել են դիմումատու կազմակերպությունների՝ կրոնի և միավորման ազատության իրավունքը, ինչը հակասում է կոնվենցիայի 11-րդ հոդվածին 9-րդ հոդվածի հետ համատեղ»։ Կառավարությունը համաձայնել է վճարել 6000 եվրո ծախսերի և ծախքերի համար։

Իրավաբանական անձանց գրանցումը չեղյալ համարելը հանգեցրեց երկարատև հալածանքի

Այս երկու իրավաբանական անձինք՝ Եհովայի վկաների միությունը և «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) ներկայացուցչությունը, գրանցվել են 1998թ.-ին։ Սակայն խիստ ազգայնասեր մի պատգամավոր ուզում էր, որ Եհովայի վկաների գործունեությունը ամբողջ Վրաստանում արգելվեր։ Որոշ ուղղափառ կրոնական առաջնորդներ և ծայրահեղականներ աջակցեցին նրան՝ զրպարտչական հայտարարություններ տարածելով Վկաների մասին և կրոնական ատելություն սերմանելով վերջիններիս դեմ։

1999թ. ապրիլին այդ պատգամավորը՝ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, հայց ներկայացրեց Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանային դատարան Վկաների գործունեությունը արգելելու և նրանց երկու իրավաբանական անձանց գրանցումը չեղյալ համարելու պահանջով։ 1999թ. հունիսին դատական նիստերի դահլիճում ներկա էին նաև ուղղափառ քահանաները և նրանց աջակիցները։ Իսկ դահլիճից դուրս ուղղափառ եկեղեցու կարգալույծ քահանա Վասիլի Մկալավիշվիլին և նրա հետևորդները այրում էին Եհովայի վկաների կրոնական գրականությունը։

Ապացույցները հետազոտելուց հետո Իսանի-Սամգորիի շրջանային դատարանը մերժեց պատգամավորի հայցը անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Վերջինս բողոքարկեց վճիռը։ 2000թ. հունիսի 26-ին վերաքննիչ դատարանը բեկանեց շրջանային դատարանի վճիռը և սահմանեց, որ Եհովայի վկաների իրավաբանական անձինք պետք է լուծարվեն։ Այդ որոշումից հետո ուղղափառ ծայրահեղականները, օգտվելով իրավիճակից, Վկաների նկատմամբ կատաղի հարձակումներ ձեռնարկեցին։ 2001թ. փետրվարի 22-ին Վրաստանի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց լուծարման մասին որոշումը՝ սահմանելով, որ օրենսդրության համապատասխան դրույթների բացակայությունը ստիպում է որոշում կայացնել ընդդեմ Վկաների։ Ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելուց հետո Եհովայի վկաները 2001թ. օգոստոսի 16-ին դիմում ներկայացրին ՄԻԵԴ։

Գերագույն դատարանի որոշումից հետո Վկաների նկատմամբ հալածանքների և բռնարարքների թիվը զգալիորեն աճեց, ինչի արդյունքում հարձակումների հարյուրավոր դեպքեր գրանցվեցին։ Մեծ մասամբ օրինապահ մարմինները անգործություն են դրսևորել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մասնակցել բռնարարքներին։ Շատ Վկաներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Կրոնական ծայրահեղականները ներխուժում էին նրանց հանդիպման վայրեր, հրդեհում և կողոպտում էին նրանց տները, գողանում կամ ավերում էին նրանց սեփականությունը և այրում էին նրանց կրոնական գրականությունը։ Իշխանությունները կրոնական գրականություն ներմուծելու թույլտվություն չէին տալիս և բռնագրավում էին նախկինում ներմուծվածը։ Նրանք նաև թույլ չէին տալիս վարձակալել շինություններ կրոնական հանդիպումներ անցկացնելու համար։ Ուժգին հալածանքների և տուժած Եհովայի վկաներին պաշտպանելու կառավարության մերժման պատճառով վերջիններս դիմեցին ՄԻԵԴ՝ ուշադրություն հրավիրելով իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի և իրավապահ մարմինների անգործության վրա։ Այս հարցի վերաբերյալ երկու նմանատիպ գործերով ՄԻԵԴ-ը արդեն վճիռ էր կայացրել Վկաների օգտին։ *

Երբ Վրաստանում իրավիճակը բարելավվեց, Վկաները կարողացան վերագրանցել երկու իրավաբանական անձանց, ինչի շնորհիվ կարող էին սեփականություն ձեռք բերել և պաշտպանել իրավական շահերը։ Այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները ձերբակալեցին և բանտարկեցին Վասիլի Մկալավիշվիլիին՝ Վկաների վրա հարձակումներ իրականացնող գլխավոր կազմակերպչին։ 2004թ.-ին Եհովայի վկաների նկատմամբ կատաղի հալածանքը վերջ գտավ։

Իրավիճակն այսօր

Թեև տարիների ընթացքում Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ վերաբերմունքը բարելավվել է, այդուհանդերձ նրանց կրոնական գործունեությունը խոչընդոտելու հատուկենտ դեպքեր են գրանցվում։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը ներկայացված վերջին զեկույցը ցույց է տալիս, որ 2014թ. օրացուցային տարվա ընթացքում Եհովայի վկաների նկատմամբ ատելության հիմքով 63 հանցագործության դեպքեր են գրանցվել Վրաստանում։

Եհովայի վկաների տեղի ներկայացուցիչ Մայքլ Ջոնզը նշել է. «Մենք գնահատում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչեց վերջին տարիներին Եհովայի վկաների նկատմամբ անարդար վերաբերմունքի դրսևորումը։ Ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը կատարում է մարդու իրավունքները պաշտպանելու իր հանձնառությունը և հուսով ենք, որ Դատարանի կայացրած վերջին և այլ որոշումները կնպաստեն Վրաստանում Վկաների նկատմամբ արդարացի վերաբերմունքի դրսևորմանը և ավելի մեծ կրոնական ազատությանը»։

^ պարբ. 4 ՄԻԵԴ-ը 2015թ. ապրիլի 21-ին վճիռ է կայացրել, որը հրապարակվել է մեկ ամիս անց։

^ պարբ. 10 «Եհովայի վկաների Գլդանի ժողովի անդամները և այլք ընդդեմ Վրաստանի» թիվ 71156/01 գործով վճիռ, 3 մայիսի 2007թ. և «Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի» թիվ 28490/02, 7 վճիռ հոկտեմբեր, 2014թ։