Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները ծառայում են Խաղաղության կամրջի մոտ (Թբիլիսի)

ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2017
ՎՐԱՍՏԱՆ

Եվրոպական դատարանը պաշտպանում է Վրաստանի Եհովայի վկաների կրոնի ազատության իրավունքը

Եվրոպական դատարանը պաշտպանում է Վրաստանի Եհովայի վկաների կրոնի ազատության իրավունքը

Միշտ չէ, որ Վրաստանի Եհովայի վկաները ունեցել են այն կրոնական ազատությունը, որը վայելում են այսօր։ Տարիներ առաջ իրավիճակը այլ էր։ Այժմ Վկաները պետականորեն գրանցված են, և կառավարությունը թույլ է տալիս նրանց ազատորեն դավանել իրենց համոզմունքները։ Սակայն նրանց հանգամանքները միանգամայն տարբեր էին 1999–2003թթ.-ին, երբ այդ ժամանակվա կառավարությունը կրոնական ծայրահեղականներին թույլ էր տալիս կատաղի հարձակումներ գործել Վկաների վրա և հրաժարվում էր մեղավորներին հետապնդելուց։

Այդ մռայլ ժամանակներում Վկաները մի քանի դիմում ուղարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ «Ծարծիձեն և այլք ընդդեմ Վրաստանի» գործով դիմումը երեք միջադեպերի մասին էր, որոնք տեղի էին ունեցել Վրաստանում 2000–2001թթ.-ին և կապված էին ամբոխի բռնի հարձակման, կրոնական հանդիպումների ընդհատման, գույքի ավերման և ոստիկանության կողմից գործադրված ֆիզիկական բռնության ու ասված հայհոյանքների հետ։

2017թ. հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Ծարծիձեն և այլք ընդդեմ Վրաստանի» գործով վճիռը և սահմանեց, որ Վկաների իրավունքները ոտնահարվել են։ ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Վրաստանի ոստիկանությունը կա՛մ ուղղակիորեն ներգրավված է եղել այդ միջադեպերի մեջ, կա՛մ որևէ քայլ չի ձեռնարկել տուժածներին պաշտպանելու համար։ Այն նաև սահմանեց, որ Վրաստանի դատարաններն ու դատավորները չեն կանխել Վկաների հանդեպ դրսևորված ագրեսիան, քանի որ կողմնակալ են եղել և գործը քննել են մակերեսորեն։

Երրորդ վճիռը դատապարտում է կառավարության կողմից սատարվող հալածանքը

Սա 1999–2003թթ.-ին «ողջ երկրում Եհովայի վկաների դեմ գործադրվող կրոնական բռնության» (ինչպես Դատարանն է բնութագրում) համատեքստում, ՄԻԵԴ-ի կողմից կայացված երրորդ վճիռն է ընդդեմ Վրաստանի։ Բոլոր երեք վճիռներով ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Վրաստանը, չպաշտպանելով Եհովայի վկաների կրոնական ազատությունը և վերջիններիս նկատմամբ խտրականություն դրսևորելով, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Դատարանը այդ ժամանակ Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակը նկարագրում է հետևյալ կերպ. «Վրաստանի իշխանությունները իրենց ներկայացուցիչների պահվածքով, որոնք կա՛մ ուղղակիորեն մասնակցել են Եհովայի վկաների դեմ հարձակմանը, կա՛մ լուռ համաձայնություն են տվել անհատ անձանց անօրինական գործողություններին և անգործություն են դրսևորել, ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, որով միանգամայն խրախուսել են ողջ երկրում Եհովայի վկաների վրա հարձակումները»։

ՄԻԵԴ-ը պաշտպանում է օրենքի գերակայության սկզբունքը և կրոնի ազատությունը

«Ծարծիձեն և այլք ընդդեմ Վրաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշմամբ քննվող երեք միջադեպերի ժամանակ տուժածները բախվել են անարդարությունների ոստիկանության գործողությունների կամ նրանց անգործության պատճառով։

  • 2000թ. սեպտեմբերի 2-ին Քութայիս քաղաքում ոստիկանները պրն Ձամուկովին տարել էին ոստիկանություն։ Նրանք բռնագրավել էին նրա մոտ եղած կրոնական գրականությունը, վիրավորել էին նրան և ծեծի ենթարկել։ Հաջորդ օրը ոստիկաններից մեկը հարձակվել էր պրն Գաբունիայի վրա, հարվածել էր ստամոքսին և պատռել նրա մոտ եղած կրոնական գրականությունը։

  • 2000թ. հոկտեմբերի 26-ին Մառնեուլ քաղաքում ոստիկանները ներխուժել ու ընդհատել էին Վկաների կրոնական հանդիպումներից մեկը և առգրավել էին կրոնական գրականությունը։ Նրանք պրն Միկիրտումովին, որը կրոնական ելույթ էր ներկայացնում, և պրն Ալիևին՝ այն տան տիրոջը, որտեղ անցկացվում էր հանդիպումը, տարել էին ոստիկանություն։ Ավելի ուշ ոստիկանները պրն Միկիրտումովին ուժով նստեցրել էին մեքենա և տարել քաղաքից դուրս՝ կարգադրելով երբեք չվերադառնալ քաղաք։ Իսկ պրն Ալիևին կարգադրել էին երբեք իր տանը չանցկացնել Եհովայի վկաների կրոնական հանդիպումները։

  • 2001թ. մարտի 27-ին Ռուսթավի քաղաքում ուղղափառ ծայրահեղականները հարձակվել էին պրն Գոգելաշվիլիի տան վրա, երբ այնտեղ կրոնական արարողություն էր տեղի ունենում։ Նրանք վիրավորական խոսքեր էին ասել ներկաներին և ստիպել էին նրանց հեռանալ։ Ամբոխը առանց թույլտվության վերցրել էր կրոնական գրականությունը և հաջորդ օրը հանրորեն այրել էր այն մոտակա շուկայի մոտ։ Ոստիկանությունը հրաժարվել էր միջամտել և պաշտպանել տուժածներին։

Յուրաքանչյուր դեպքում տուժածները պաշտպանության համար դիմում էին ներպետական դատարաններ, սակայն ապարդյուն։ Ինչպես նշեց ՄԻԵԴ-ը, դատավորները ոստիկանության կողմն էին դիրք բռնում և ինչպես հարկն է չէին քննում տուժածների կողմից ներկայացված ապացույցները։ Ներպետական ատյանների դատավորների վերաբերմունքի մասին ՄԻԵԴ-ը հետևյալն է նշում.

Գործի նման մակերեսային և միակողմանի քննությունը, ինչպես նաև դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինների ներկայացրած փաստերը մեքենայաբար հիմք ընդունելը, իսկ դիմումատուների ներկայացրած փաստերը անհիմն մերժելը Դատարանի կարծիքով՝ ոչ այլ ինչ է, քան դատական մարմինների կողմից դիմումատուների նկատմամբ գործադրված բռնարարքների սատարում։

Քանի որ ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով (կրոնի ազատություն) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելում) երաշխավորված դիմումատուների իրավունքների խախտումը, սահմանել է 11000 եվրո (11840 ԱՄՆ դոլար)՝ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 10000 եվրո (10762 ԱՄՆ դոլար) դատական ծախսերի համար։

Արդյո՞ք այդ վճիռը լայն կիրառում կունենա և կտարածվի Ռուսաստանի ու Ադրբեջանի վրա

Նման եզրահանգման գալով՝ ՄԻԵԴ-ը կրկնել է այն նույն դիրքորոշումը, որը արտահայտել էր «Գլդանիի» և «Բեղելուրիի» (ընդդեմ Վրաստանի), ինչպես նաև «Կուզնեցովի» և «Կրուպկոյի» (ընդդեմ Ռուսաստանի) գործերով վճիռներում։ Վրաստանի կառավարությունը աստիճանաբար կիրառում է նախկինում կայացված վճիռները, և Վրաստանում Եհովայի վկաները ուրախ են, որ այժմ ավելի պաշտպանված են, ինչը հնարավորություն է տալիս անարգել իրենց հավատալիքների մասին պատմել ուրիշներին։

Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան Անդրե Կարբոնոն, որը մասնակցել է Վրաստանի ներպետական դատական նիստերին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի դիմումները պատրաստելուն, նշում է. «Այդ հիանալի վճռով ՄԻԵԴ-ը հստակ ցույց է տվել, որ չի հանդուրժի իր ընդդատության տակ գտնվող այն կառավարությունների գործողությունները, որոնք խթանում կամ սատարում են իրենց քաղաքացիների կրոնական ազատության սահմանափակումը։ Եհովայի վկաները ուրախ են, որ Վրաստանի կառավարությունը այս վճիռները կիրառելու հարցում առաջխաղացում ունի, ինչի շնորհիվ իրենք կարող են անարգել դավանել իրենց կրոնը։ Հուսանք, որ Եվրախորհրդի կազմում գտնվող այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, հաշվի կառնեն դա»։

ՄԻԵԴ-ի կայացրած այս վերջին վճռով պաշտպանվում է պաշտամունքի և կրոնական համոզմունքների մասին ուրիշների հետ խոսելու այդքան բաղձալի ազատությունը։ Ողջ աշխարհի Եհովայի վկաները հուսով են, որ ՄԻԵԴ-ի այս ծանրակշիռ վճիռը հիմք կհանդիսանա նույն հարցերի վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումների քննության համար։