Անցնել բովանդակությանը

«Գաբունիայի» գործով մի քանի տուժածների վերջերս արված լուսանկարը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2017
ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը ՄԻԵԴ-ում ընդունում է, որ ոտնահարել է Վկաների իրավունքները

Վրաստանը ՄԻԵԴ-ում ընդունում է, որ ոտնահարել է Վկաների իրավունքները

2017թ. հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց մի որոշում, որում Վրաստանի Հանրապետությունը ընդունում է, որ խախտել է տասը Եհովայի վկաների իրավունքները։ «Գաբունիան և այլք ընդդեմ Վրաստանի» գործի առնչությամբ կառավարությունը համաձայնել է տուժածներից յուրաքանչյուրին վճարել 800 եվրո (947 ԱՄՆ դոլար)՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 9-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված կրոնի ազատության և խտրականությունից զերծ լինելու իրավունքների ոտնահարման փոխհատուցում։

2005թ. սեպտեմբերին տասը Եհովայի վկաներ գանգատ ներկայացրին ՄԻԵԴ ուղղափառ ծայրահեղականների կողմից կրոնական հողի վրա կատարված չորս հարձակումների վերաբերյալ։ Այդ չորս դեպքերը Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ պետության կողմից հովանավորվող կրոնական հալածանքի մի մասն են, ինչը սկիզբ է առել 1999թ. հոկտեմբերին և տևել մինչև 2003թ. նոյեմբերը։ Իրավապահ մարմինները հանցակից էին, քանի որ նրանք կա՛մ մասնակցել էին դրսևորվող բռնությանը, կա՛մ չէին պաշտպանել տուժողներին։

Նախքան «Գաբունիայի» գործը ՄԻԵԴ-ը հրապարակել է երեք խիստ քննադատական վճիռներ ընդդեմ Վրաստանի։ Այդ վճիռներում ՄԻԵԴ-ը դատապարտել է կառավարությանը, քանի որ վերջինս չի պաշտպանել Վկաների իրավունքները, երբ նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել։ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ իրավապահների անգործությունը «հասարակության մեջ կստեղծեր ողջամիտ կասկած այն մասին, որ պետության ներկայացուցիչները հանցակից են»։ Այնուհետև նշել է, որ «Վրաստանի իշխանությունները ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, ինչը ի վերջո հանգեցրել է երկրով մեկ Եհովայի վկաների նկատմամբ այլ հարձակումների»։ ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ «դիմումատուների նկատմամբ իրականացված բռնարարքների հարցում դատական մարմինները հանդուրժողականություն են ցուցաբերել», և որ Վրաստանի դատարանները եղել են «կողմնակալ և մակերեսորեն» են քննել տուժածների բողոքները։

Միաձայն հայտարարություն ներկայացնելով այն մասին, որ «ափսոսանքով ընդունում է» տուժածների՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ոտնահարումը՝ Վրաստանը խուսափեց չորրորդ վճռից, որում անկասկած կներկայացվեր այն նույն քննադատությունը, ինչը ներկայացվել է նախորդ երեք վճիռներում։ Այսօր Վրաստանում Եհովայի վկաները այլևս ամբոխների կողմից հարձակման կամ պետության կողմից հովանավորվող կրոնական հալածանքի զոհ չեն դառնում։ Այժմ նրանք ունեն կրոնի ազատություն։