Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 2022
ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը Տաջիկստանի Եհովայի վկաների գործունեության արգելքը անօրինական է ճանաչում

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը Տաջիկստանի Եհովայի վկաների գործունեության արգելքը անօրինական է ճանաչում

2022 թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը կարևոր որոշում հրապարակեց Տաջիկստանի կառավարության դեմ՝ Եհովայի վկաների նկատմամբ դրսևորած անարդար վերաբերմունքի համար։ Վճիռը, որը կայացվեց 2022 թ. հուլիսի 7-ին հօգուտ Եհովայի վկաների, վերաբերում էր «Ադուրխաևն ընդդեմ Տաջիկստանի» գործին։ Այս գործը վերաբերում էր Տաջիկստանի կողմից Եհովայի վկաներին օրինական գրանցում տրամադրելուց հրաժարվելուն և դրան հաջորդած արգելքին։

Ավելի քան 50 տարի է, ինչ Եհովայի վկաները գործում են Տաջիկստանում։ Եհովայի վկաների կրոնական ասոցիացիան Տաջիկստանում գրանցվեց 1994 թ.-ին։ Սակայն 2007 թ. հոկտեմբերի 11-ին մշակույթի նախարարությունը չեղյալ համարեց գրանցումը և արգելք դրեց Վկաների գործունեության վրա։ Կառավարությունը պնդեց, որ Վկաների քարոզչական գործունեությունը, զինվորական ծառայությունից հրաժարվելը և ճշմարիտ կրոն լինելու նրանց համոզմունքը ծայրահեղական են։ Վկաների՝ վերագրանցվելու բազմաթիվ խնդրանքները մերժվել են։

Իր վերջին վճռում Հանձնաժողովը եզրակացրեց, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելելը ապօրինի է։ Այն նշում էր, որ Տաջիկստանի կողմից ներկայացված «պատճառներից ոչ մեկը» չի հիմնավորում Վկաների գործունեության վրա արգելք դնելու և վերագրանցումը մերժելու որոշումները:

Հանձնաժողովը նաև նշեց, որ Տաջիկստանի կառավարության՝ Եհովայի վկաների կրոնական ասոցիացիան վերագրանցելու դիմումների մերժումը «ձերբակալությունների, կալանքների, հարցաքննությունների, խուզարկությունների, խոշտանգումների, կրոնական նյութերի առգրավման, ինչպես նաև Եհովայի վկաներից [մեկի] արտաքսման պատճառ է դարձել»։ Այս վատ վերաբերմունքի պատճառով Հանձնաժողովը նաև վճռեց, որ ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն՝ ոտնահարվել են Եհովայի վկաների իրավունքները։

71-ամյա Շամիլ Խակիմովը 2019 թ. փետրվարից գտնվում է բանտում

Հանձնաժողովը Տաջիկստանին հանձնարարեց վերանայել Եհովայի վկաների վերագրանցման դիմումը և ֆինանսապես փոխհատուցել նրանց, ում իրավունքները ոտնահարվել են։ Տաջիկստանի կառավարությանը նաև ասվել է, որ նա «պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապագայում նմանատիպ խախտումները կանխելու համար»։

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի այս վճիռը կարող է ազդել նաև 71-ամյա Շամիլ Խակիմովի գործի վրա, ով իր հավատը խաղաղ կերպով դավանելու համար 2019 թ. փետրվարից գտնվում է բանտում։ Նրան ձերբակալելու և բանտարկելու միակ իրավական հիմքը Տաջիկստանի իշխանությունների կողմից Եհովայի վկաների գործունեության արգելքն է։

Հուսով ենք, որ Հանձնաժողովի որոշումը կնպաստի Տաջիկստանում Եհովայի վկաների դավանանքի ազատությանը։ Աղոթում ենք, որ Եհովան օրհնի «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» շարունակական ջանքերը (Փիլիպպեցիներ 1։7