ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2020
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Տաջիկստանի նախագահը համաներում է շնորհել եղբայր Բոբոջոնովին
2020 թ. նոյեմբերի 1-ին՝ բանտից ազատ արձակվելուց հետո, եղբայր Ջովիդոն Բոբոջոնովը հետևյալն ասաց. «Եհովան օգնեց ինձ, որ հավատս ամուր պահեմ»։ Նախորդ օրը Տաջիկստանի նախագահը համաներում շնորհեց նաև 377 այլ բանտարկյալների։ Ջովիդոնը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար իրեն նշանակված երկու տարվա պատժից ինը ամիսը արդեն կրել էր։
2019 թ. հոկտեմբերի 4-ին զինվորականները 19-ամյա Ջովիդոնին ստիպողաբար տարել ու պահել էին զինկոմիսարիատում։ Հաջորդ ամիսների ընթացքում նրան տարբեր զորամասեր էին տեղափոխում։ Ամեն անգամ նրանցից բացատրություն էին պահանջում, թե ինչու է հրաժարվել զինծառայությունից։ Եղբայր Ջովիդոնը պատմում է. «Շատ հրամանատարներ ու զինվորներ անտրամաբանական հարցեր էին տալիս ինձ։ Նրանք ուզում էին, որ հրաժարվեմ իմ հավատից։ Նաև սադրիչ հարցեր էին տալիս, որ հունից դուրս գայի։ Երբեմն ինձ արթնացնում էին գիշերը և նույն հարցերն էին տալիս՝ պահանջելով, որ բացատրեմ, թե ինչու եմ հրաժարվել զինծառայությունից։
Այդ ընթացքում աղոթքը ինձ շատ էր օգնում։ Զինկոմիսարիատում օր ու գիշեր ջերմեռանդորեն աղոթում էի և լաց լինում՝ աղաչելով Եհովային, որ օգնի ինձ՝ չհանձնվեմ, նրան չհիասթափեցնեմ և սադրանքների ենթարկվելիս նրանց խայծը կուլ չտամ։
Եհովան ամուր բռնել էր ձեռքս.... Միայնակության զգացումը ճնշում էր ինձ։ Բայց Եհովան իր ստեղծագործության միջոցով ինձ ոգեշնչում և ուժ էր տալիս։ Ամեն առավոտ ես արթնանում էի թռչունների դայլայլից։ Գիշերը ուշադիր նայում էի լուսնին ու աստղերին։ Եհովայի այս պարգևները ուրախացնում և քաջալերում էին ինձ»։
2020 թ. ապրիլի 2-ին Ջովիդոնը մեղավոր ճանաչվեց և ժամանակավոր կալանավայրից տեղափոխվեց բանտ։ Այնտեղ նրան արգելված էր նամակներ ստանալ։ Սակայն մեր հավատակիցները նրան սնունդ էին տանում և պայուսակների վրա գրում էին օրվա խոսքը։ Ջովիդոնն ասում է, որ դա օգնում էր իրեն միայնակ չզգալ և տեսնել, թե որքան շատ էին իր ընկերները սիրում իրեն։
Երիտասարդ եղբայրը քաջալերվում էր՝ հիշելով աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են, օրինակ, Հռոմեացիներ 8:37–39-ը։ Նա ասում է. «Բանտում ես հասկացա, թե որքան ճշմարիտ են այս խոսքերը։ Ոչ մի փորձություն ինձ չբաժանեց Եհովայի սիրուց։ Եհովան օգնեց ինձ, որ հավատս ամուր պահեմ»։
Ջովիդոնի հետ պատահածը քաջալերել է նաև իր ծնողներին։ Նրա հայրը՝ Աբդուջամոլը, նշում է. «Մեր հավատը ամրացել է աղոթքների և մեր որդու լավ օրինակի շնորհիվ։ Նա հաջողությամբ դիմագրավեց այս փորձությունը։ Ամբողջ աշխարհի մեր հավատակիցները շատ են աջակցել մեզ։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրանց իրենց աղոթքների համար։ Նաև շնորհակալ ենք Եհովային մեզ այսպիսի ջերմ ու հոգատար ընկերներ պարգևելու համար»։
Այս վերջին օրերում մենք բոլորս էլ կրականման փորձություններ ենք ունենալու (1 Պետրոս 4։12)։ Եզրափակելով իր խոսքը՝ Ջովիդոնը ասաց. «Հիմա, երբ արդեն ազատության մեջ եմ, խորացնելու եմ գիտելիքներս, որպեսզի պատրաստ լինեմ գալիք փորձություններին։ Բոլոր նրանք, ովքեր դեռ խիստ հալածանքներ չեն կրել, պետք է լիարժեք կերպով օգտագործեն իրենց ազատությունը, որպեսզի Աստվածաշունչն ու մեր հրատարակությունները ընթերցելով՝ խորացնեն Եհովայի մասին իրենց գիտելիքները»։