ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 2020
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Տաջիկստանում Ռուստամջոն Նորովին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Դատավճռի հրապարակում
Տաջիկստանի զինվորական դատարանը շուտով a կհրապարակի եղբայր Ռուստամջոն Նորովի գործով դատավճիռը։ Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար նրան սպառնում է երկուսից հինգ տարվա ազատազրկում։ 2020 թ. հոկտեմբերի 1-ից նա կալանավորված է։
Տվյալներ
Ռուստամջոն Նորով
Ծնվել է՝ 1998 թ. (Դուշանբե)
Կենսագրություն: Իր և իր ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվել է բնակարանների և կահույքի վերանորոգման աշխատանքներով։ Սիրում է ֆուտբոլ խաղալ։
Մկրտվել է 2016 թ.-ին՝ 17 տարեկանում։ Երկու տարի անց նա ռուսական ժողովից, որտեղ ծառայում էր իր ընտանիքը, տեղափոխվել է տաջկախոս ժողով, որպեսզի օգնի այդ դաշտին։
Դատական գործի պատմություն
2016 թ.-ին եղբայր Ռուստամջոն Նորովը կամավոր ներկայացավ տեղի զինկոմիսարիատ, որտեղ նա հայտնեց իր չեզոքության մասին և խնդրեց, որ իրեն այլընտրանքային քաղաքացիական ծառայության նշանակեն։ Հաջորդ տարի նա նույն բանը արեց։ Զինկոմիսարիատի պետի տեղակալը շատ տպավորվեց և հարգանքով լցվեց եղբայր Նորովի հանդեպ։ Հաջորդ երեք տարիներին եղբայր Ռուստամջոնը չզորակոչվեց։
Սակայն 2020 սեպտեմբերի 24-ին Ռուստամջոնը հրավիրվեց շրջանային զինկոմիսարիատ։ Այնտեղ նրան մոտ երեք ժամ հարցաքննեցին, որից հետո նշեցին, որ նա պիտանի է զինվորական ծառայության համար։ Նաև ստիպեցին նրան բուժզննում անցնել։ Եղբայր Նորովի հայրը, որն այդ միջադեպի ականատեսն էր, պահանջեց, որ իր որդու գործը քննվի դատախազությունում։
Հոկտեմբերի 1-ին եղբայր Նորովը և նրա հայրը գնացին դատախազություն։ Դատախազը շրջանային ոստիկանության աշխատակիցներից մեկին հանձնարարեց նրանց ուղեկցել շրջանային զինկոմիսարիատ։ Երբ նրանք տեղ հասան, եղբայր Նորովի հորը թույլ չտվեցին ներս մտնել։ Ռուստամջոնին երկու օրով կալանավորեցին, թեև նախկինում նրա դեմ երբեք քրեական գործ չէր հարուցվել։ Այդ ընթացքում նրան թույլ չտվեցին խոսել իր փաստաբանի հետ։
Հոկտեմբերի 3-ին եղբայր Նորովին տեղափոխեցին Խոջենտ քաղաքում գտնվող զորամաս, որը Դուշանբեից 300 կիլոմետր (186 մղոն) հեռու է։ Հաջորդ երկու օրերին նրան տեղափոխեցին Խոջենտի մի քանի զորամասեր։
Հոկտեմբերի 6-ին Ռուստամջոնին թույլ տվեցին զանգահարել իր ընտանիքին և տեսակցել իր փաստաբանին։ Սակայն հոկտեմբերի 17-ին Տաջիկստանի զինվորական դատարանը որոշեց նրան նախնական կալանքի վերցնել։ Մինչ հետաքննության ավարտը և դատարանի վճռի կայացումը եղբայրը կմնա կալանքի տակ։ Նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով իր բժշկական պատմությունը կեղծելու մեջ։
Չնայած կալանքին՝ Ռուստամջոնը չի հուսալքվել և լիովին ապավինում է Եհովային։ Նա երախտապարտ է Եհովային, որ օգնել է իրեն հավատ ու քաջություն զարգացնել, որոնք այդքան անհրաժեշտ են այս փորձության ընթացքում։ Եղբայր Նորովը 2013 թ.-ին մի անսպասելի փորձության բախվեց, ինչի համար նույնպես շնորհակալ է Եհովային։ Այդ տարի ոստիկանները Ռուստամջոնին և նրա փոքր եղբորը բռնի ուժով հանեցին դպրոցից ու տարան զինկոմիսարիատ՝ հաշվառման և բուժզննության։ Նա այդ ժամանակ 15 տարեկան էր և զորակոչի ենթակա չէր։ Եղբայր Նորովը չմկրտված քարոզիչ էր։ Այդ դեպքից հետո տղաների հայրը՝ Բատիրը, ընտանեկան երկրպագության ընթացքում սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել քրիստոնեական չեզոքության թեմային, որպեսզի օգնի իր որդիներին։ Նրանք նաև բեմականացնում էին իրավիճակներ, որոնց ժամանակ տղաները պետք է պաշտպանեին իրենց հավատը։ Բատիրը տանում էր զինկոմիսարիատի աշխատակցի դերը, իսկ տղաները նրա առաջ պաշտպանում էին իրենց դիրքորոշումը։
Ռուստամջոնն ասում է. «Նախքան ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեր անելը կարծում էի, թե պատրաստ եմ պաշտպանել հավատս։ Սակայն պարզվեց, որ լարվում եմ ու վախենում։ Ես հասկացա, որ պետք է ավելի շատ աղոթեմ և ուսումնասիրություն անեմ, որպեսզի ամրացնեմ հավատս և չեզոքություն պահելու վճռականությունս։ Ժամանակի ընթացքում վախերս անցան։ 2016 թ. գարնանը որոշեցի կյանքս նվիրել Եհովային ու մկրտվեցի»։
Եղբայր Նորովը նաև շատ է քաջալերվել՝ շփվելով տարեց և հասուն եղբայրների հետ, որոնք բանտարկված են եղել իրենց հավատի համար։ Նա ասում է. «Ես պարզ հասկանում եմ, թե չեզոքության պատճառով ինչ խնդիրներ կարող եմ ունենալ։ Եթե ինձ բանտ նստեցնեն, ես դա կհամարեմ «նոր քարոզչական տարածքում» Աստծու անունը սրբացնելու պատիվ»։
Ռուստամջոնի հայրը ասում է. «Շնորհակալ ենք Եհովային, որ առանձնաշնորհում ունենք իր կամքը կատարել և իր ձեռքում գործիք լինել։ Մենք երախտապարտ ենք նաև մեր հոգևոր ընտանիքին։ Իսկապես զգում ենք ձեր սերը, աղոթքները և հոգևոր ու զգացական աջակցությունը։ Մենք խուճապի մեջ չենք։ Մեր սրտերը լցված են Աստծու խաղաղությամբ, ճիշտ ինչպես Եհովան խոստացել է իր Խոսքում» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
a Դատարանի վճռի հրապարակման օրը միշտ չէ, որ նախապես է ասվում։