ՀՈՒԼԻՍԻ 5, 2023
ՔԵՆԻԱ
Դատարանը պաշտպանում է Քենիայի դպրոցականների կրոնի ազատության իրավունքը
2023 թ. մայիսի 12-ին Քենիայի վերաքննիչ դատարանը կարևոր որոշում կայացրեց, որը պաշտպանում է այդ երկրի դպրոցականների կրոնի ազատության իրավունքը։ Չնայած ըստ Քենիայի օրենսդրության՝ ոչ ոք չի կարող ստիպել դիմացինին զբաղվել նրա կրոնական համոզմունքներին հակասող գործունեությամբ, սակայն 2015 թ.-ից ի վեր՝ ընդհանուր առմամբ 41 Եհովայի վկա երեխաներ են հեռացվել դպրոցից՝ կրոնական գործունեությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
Վերաքննիչ դատարանի այս կարևոր որոշումը կապված է մի միջադեպի հետ, որը տեղի է ունեցել 2017 թ.-ին։ Ինը Վկա դպրոցականներ հարգալից կերպով հրաժարվել էին մասնակցել դպրոցում անցկացված կրոնական արարողություններին։ Նրանց գործը ուղարկվել էր դատարան։ 2019 թ.-ին ստորին ատյանը վճռել էր, որ դպրոցը չի ոտնահարել Վկա երեխաների հիմնարար իրավունքները՝ պարտադրելով նրանց մասնակցել արարողությանը։ Այնուամենայնիվ, 2023 թ. մայիսի 12-ին Քենիայի վերաքննիչ դատարանը որոշեց, որ «ոտնահարվել է [դպրոցականի] կրթության և արժանապատվության իրավունքը»։ Այն նաև նշեց, որ միջոցառման հետ կապված պահանջները, որոնք ներկայացվել են Եհովայի վկա երեխաներին, «խտրական են, հակասահմանադրական և այսուհետ՝ անվավեր»։ Գործին մասնակցող դատավորներից մեկը գրեց. «Դատարանի այս որոշումը պետք է որպես ուղեցույց տալ դպրոցներին՝ աշակերտների կրոնական իրավունքները չոտնահարելու համար»։
Այս որոշումը կամրապնդի 2022 թ. մարտին Քենիայի կրթության նախարարության կողմից տրված հրահանգը, ըստ որի՝ դպրոցների ուսուցչական կազմին հորդոր էր տրվել պաշտպանել բոլոր աշակերտների կրոնական իրավունքները։ Այս որոշմամբ Քենիան միանում է աֆրիկյան բազմաթիվ երկրներին, այդ թվում՝ Մալավիին և Ռուանդային, որոնք նման որոշումներ են կայացրել, որպեսզի պաշտպանեն Վկա աշակերտների հիմնարար իրավունքները։
Քենիայում և ամբողջ աշխարհում մեր խիզախ երեխաները կարող են վստահ լինել, որ Եհովան հպարտանում է նրանցով, քանի որ հաստատակամորեն մաքուր երկրպագության կողմն են կանգնում (Առակներ 29։25)։