ՄԱՅԻՍԻ 12, 2020
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Համավարակի ընթացքում մեր խուլ և կույր քրոջն օգնում է իր ժողովը
Քույր Սինթիա Պաբլոն, որը 64 տարեկան չմկրտված քարոզիչ է, հաճախում է Ֆիլիպինների պանգուլոական ժեստերի լեզվով ժողով։ Նա խուլ է և կույր, ինչպես նաև ֆինանսական սուղ միջոցներ ունի։ Նա իր ոչ Վկա հարազատների հետ ապրում է Վալենսուելա քաղաքի խիտ բնակեցված հատվածներից մեկում։ Համաճարակի պատճառով Սինթիայի առանց այդ էլ դժվար կյանքը ավելի է դժվարացել, ուստի ժողովի եղբայրները քայլեր են ձեռնարկում նրա կարիքները հոգալու համար։
Իր տարիքի պատճառով Սինթիան գտնվում է COVID-19 հիվանդությամբ վարակվելու ռիսկային խմբում։ Համավարակի պատճառով նրա տարածքում ջրի պակաս է առաջացել, և նույնիսկ շորերը լվանալը նրա համար մեծ խնդիր է դարձել։ Նախքան այս առողջապահական ճգնաժամը նրա ժողովի քույրերը օգնում էին նրան այդ հարցում։ Սակայն կառավարության կողմից դրված սահմանափակումներից հետո դա անհնար դարձավ։
Եղբայր Ուոլտեր Իլյումինը, որը որպես երեց է ծառայում, տեղի իշխանություններից հատուկ թույլտվություն ստացավ, որ դուրս գա տնից և գնա Սինթիային խնամելու։ Այդ թույլտվությունը տրվում է միայն նրանց, ովքեր պետք է առաջին անհրաժեշտության ծառայություններ մատուցեն։ Քրոջ շորերը լվանալուց բացի՝ Ուոլտերը նաև բերում է մթերքներ և այլ անհրաժեշտ իրեր։ Նա խստորեն հետևում է տեղի իշխանությունների կողմից սահմանված կանոններին և հրահանգներին, որոնք ներառում են դիմակ և այլ պաշտպանական միջոցներ կրելը, ինչպես նաև ձեռքերը հաճախ լվանալը։
Իր քույրերին ու եղբայրներին շնորհակալություն հայտնելու համար Սինթիան հաղորդագրություններով կարճ տեսանյութեր է ուղարկում, որոնցում իր երախտիքի խոսքերն է արտահայտում։ Եղբայր Իլյումինն էլ ժողովում ցույց է տալիս այդ տեսանյութերը։
Այդ նույն երեցը նաև գնում է նրա տուն, որպեսզի շոշափողական ժեստերով թարգմանի տեսակապի միջոցով անցկացվող հանդիպումները։ Դրա շնորհիվ Սինթիան կարողանում է ժողովի՝ «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ կանոնավոր մեկնաբանություններ տալ։ Նրա մեկնաբանությունները շատ են քաջալերում իր հավատակիցներին այս դժվարին օրերում։
Մենք համոզված ենք, որ Եհովան շատ է ուրախանում, երբ տեսնում է, որ իր ժողովուրդը մխիթարում և օգնում է միմյանց, «առավել ևս որ տեսնում է՝ օրը մոտենում է» (Եբրայեցիներ 10։24, 25)։