Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2013
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

«Բոֆա» թայֆունը ավերեց Ֆիլիպինները

«Բոֆա» թայֆունը ավերեց Ֆիլիպինները

ՄԱՆԻԼԱ, Ֆիլիպիններ։ Ավելի քան 1000 հոգի 2012թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հզոր թայֆունի զոհն է դարձել, իսկ 970000-ից ավել մարդ տեղահանվել է։ Եհովայի վկաները նույնիսկ մեկ ամիս անց շարունակում են օգնություն ցույց տալ «Բոֆա» թայֆունից տուժածներին (տեղացիները նրան տվել են «Պաբլո» անունը)։

Հունվարի 7-ին Մանիլայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը ցավով հայտնեց, որ 5 Վկա մահացել է, իսկ մեկը ողնաշարի լուրջ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, Վկաների մոտ 520 ընտանիք տեղահանվել է, քանի որ 140 տուն ամբողջովին քանդվել է, իսկ 400-ը՝ վնասվել։

Մասնաճյուղի ներկայացուցիչները այցելեցին աղետից տուժած գոտի՝ վնասը գնահատելու, օգնության տրամադրման աշխատանքները կազմակերպելու և տուժածներին մխիթարելու ու հոգևորապես աջակցելու համար։ Վկաները կազմեցին աղետից տուժածներին օգնելու կոմիտե, որը պետք է հիմներ օգնության յոթ կենտրոն և կազմակերպեր հումանիտար օգնությունը տեղի կամավորների միջոցով բաշխելու գործը։

Երկրի որոշ մասերում ուժգին փոթորիկը ավերել էր բրնձի դաշտերը, բանանի պլանտացիաները և կոկոսի ծառերը, որոնք տեղացիների ապրուստի հիմնական միջոցն էին։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն բեռնատարներով մոտ 13 տոննա սննդամթերք ուղարկեց տուժածներին։ Տուժած գոտու մի հատված բոլորովին անմատչելի էր դարձել, քանի որ այնտեղ տանող կամուրջը քանդվել էր։

«Բոֆա» թայֆունից վնասվել են նաև երկրպագության 15 վայրեր, որոնք կոչվում են Թագավորության սրահներ, իսկ երկուսը ավերվել են ամբողջությամբ։ Փոթորկի պատճառով տեղահանված որոշ մարդիկ ժամանակավոր ապաստարան գտան Թագավորության սրահներում, որոնք չէին վնասվել։ Օգնության կոմիտեն աշխատանքներ է տանում նրանց ավելի հարմարավետ կացարաններում տեղավորելու համար։

Բոլոր աշխատանքները ֆինանսավորվել են թե՛ տեղի, թե՛ ամբողջ աշխարհի Եհովայի վկաների կատարած նվիրաբերություններով։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հոգ է տանում, որ այս ծախսերը փակվեն Վկաների կողմից Թագավորության գործի համար կատարած նվիրաբերությունների ֆոնդից։

Դին Ջեյսեկը՝ Ֆիլիպինների Եհովայի վկաների մամլո խոսնակը, ասում է. «Բոլորս սգում ենք մեր ընկերների և հավատակիցների կորուստը և խոր ցավ ենք ապրում փոթորկի բերած վնասների պատճառով։ Մենք շարունակելու ենք օգնել տուժածներին ինչով կարող ենք, այդ թվում՝ հոգևոր և էմոցիոնալ աջակցություն տրամադրելով»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ֆիլիպիններ։ Դին Ջեյսեկ, հեռ. +63 2 411 6090