ՕԳՈՍՏՈՍԻ 6, 2019
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի մասնաճյուղում Աստվածաշնչի նոր թանգարան է բացվել
2019 թ. հուլիսի 25-ին Աստվածաշնչի նոր թանգարան բացվեց Եհովայի վկաների՝ Ֆրանսիայի մասնաճյուղում, որը գտնվում է Լուվյե քաղաքում՝ Փարիզից մոտ 100 կիլոմետր (62 մղոն) հեռավորության վրա։ Թանգարանում ներկայացված է «Աստծու անունը և ֆրանսերեն Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես։
Ցուցադրված են հազվադեպ հանդիպող և կարևոր նշանակություն ունեցող ֆրանսերեն Աստվածաշնչերի բազմաթիվ նմուշներ։ Եզակի նմուշներից է 1535 թ. Օլիվետանի ֆրանսերեն Աստվածաշնչի բնագրային օրինակը։ Այն հայտնի է նաև «Սերիերյան Աստվածաշունչ» անվամբ։ Օլիվետանի Աստվածաշունչը ֆրանսերեն բողոքական առաջին ամբողջական թարգմանությունն է։ Այն նաև առաջին ֆրանսերեն Աստվածաշունչն է, որ թարգմանվել է բնագրային լեզուներից։ Այդ թարգմանությունը մեծ ազդեցություն է ունեցել Աստվածաշնչի հետագա թարգմանությունների, այդ թվում՝ 1537 թ. հրատարակության Մատթեոսի անգլերեն Աստվածաշնչի, անգլերեն «Ժնևյան Աստվածաշնչի» և ֆրանսերեն «Ժնևյան Աստվածաշնչի» վրա։ Ցուցադրվող Աստվածաշնչերի հազվադեպ նմուշներից են նաև Ժակ Լեֆևր դ’Էտապլի ֆրանսերեն Աստվածաշնչի՝ 1541 թ. երրորդ հրատարակությունը, 1541 թ. լատիներեն Հնգամատյանը, Ռոբեր Էտիենի կողմից տպագրված 1545 թ. լատիներեն Աստվածաշունչը և Լիոնում բնակվող տպագրիչ Ժան դը Տուռնի հրատարակած 1557 թ. ֆրանսերեն Աստվածաշունչը։
Օլիվետանի Աստվածաշունչը, լատիներեն Հնգամատյանը, Էտիենի տպագրած լատիներեն Աստվածաշունչն ու Ժան դը Տուռնի Աստվածաշունչը պարունակում են Աստծու անունը՝ Եհովա։ Սկզբում այս Աստվածաշնչերը նվիրաբերվել էին Եհովայի վկաների՝ Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչության թանգարանային բաժնին։ Այժմ դրանք համալրում են Ֆրանսիայի մասնաճյուղում եղող Աստվածաշնչերի հավաքածուն։
Էնրիկե Ֆորդը, որը ծառայում է թանգարանային բաժնում, ասում է. «Ֆրանսիայի մասնաճյուղում գտնվող Աստվածաշնչի մեր նոր թանգարանում կարելի է ծանոթանալ ֆրանսերեն Աստվածաշնչի ուշագրավ պատմությանը։ Թանգարանը նաև մեր ուշադրությունը հրավիրում է այն անհերքելի փաստի վրա, որ Աստծու անունը՝ Եհովա, կարևոր տեղ ունի Սուրբ Գրքում։ Մենք շարունակում ենք փնտրել Աստվածաշնչի հազվադեպ և հետաքրքիր նմուշներ, որպեսզի ցուցադրենք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր թանգարաններում»։